Փաստաբան Նորայր Նորիկյանը չի բացառում, որ Եղիշե Հակոբյանի՝ դատական նիստի ընթացքում հարցերին պատասխանելուց հրաժարվելը կարող է պայմանավորված լինել որևէ մեկի կողմից գործադրված ապօրինի միջամտությամբ։ Այս մասին նա հայտարարել է դատական նիստից հետո՝ ընդգծելով, որ վերջին երեք տարիների ընթացքում Հակոբյանը մշտապես պատրաստակամություն է հայտնել պատասխանել դատավարության մասնակիցների հարցերին, սակայն այժմ առաջին անգամ հրաժարվել է դա անել։
«Ինձ համար իսկապես տարօրինակ է, որ առաջին անգամ այսօր՝ նախորդ դատական նիստի ավարտից հետո, նա հրաժարվեց պատասխանել դատավարության մասնակիցների հարցերին։ Բնականաբար, հարց առաջացավ՝ ինչո՞վ է դա պայմանավորված։ Հնարավոր է՝ սա որևէ մեկի կողմից նրան ուղղված ապօրինի միջամտության արդյունք է: Այնուամենայնիվ, պետք է շեշտեմ, որ դա մեղադրյալի դատավարական իրավունքն է լռելու և հարցերին չպատասխանելու»,– ասել է Նորիկյանը։
Բացի այդ, տուժող կողմը միջնորդել էր հրապարակել նախաքննության ընթացքում Եղիշե Հակոբյանի տված ցուցմունքները, որը բավարարվել էր։ Նորիկյանի փոխանցմամբ՝ դրանցում Հակոբյանն իրեն մեղավոր է ճանաչել և անդրադարձել մի շարք հանգամանքների, որոնք հետագայում լրացուցիչ պարզաբանման կարիք են ունեցել։
Նորիկյանի խոսքով՝ գործի քննության ընթացքում ի հայտ են եկել նաև տարբերություններ Եղիշե Հակոբյանի՝ նախաքննության ժամանակ ներկայացրած բացատրությունների և դատական քննության ընթացքում հայտնած դիրքորոշումների միջև։ Փաստաբանի փոխանցմամբ՝ այդ տարբերությունները Հակոբյանը պատճառաբանել է հիշողության հետ կապված խնդիրներով։
«Որոշ հանգամանքների վերաբերյալ Եղիշե Հակոբյանը այլ ձև է նկարագրել նախաքննության ընթացքում, սակայն դատաքննության փուլում արդեն բոլորովին այլ տեղեկություններ է հայտնել, և դա այսօրվա դատանիստում պատճառաբանում էր, որ պայմանավորված է իր հիշողությամբ», – ասել է Նորիկյանը։
Փաստաբանը նաև տեղեկացրել է, որ տուժող կողմը մի շարք միջնորդություններ է ներկայացնելու՝ գործի հանգամանքներն առավել ամբողջական բացահայտելու նպատակով։ Մասնավորապես՝ պատրաստվում են հանդես գալ դատաբժիշկներին դատարան հրավիրելու և հարցաքննելու միջնորդությամբ, ինչպես նաև դեպքի վայրում՝ Եղիշե Հակոբյանի մասնակցությամբ, քննչական փորձարարություն իրականացնելու։
Դուք գիտեք արդեն, որ ես մի քանի անգամ նշել եմ, որ տուժող կողմը միջնորդելու է, որպեսզի դատարան որպես վկա դատակոչվեն և հարցաքննվեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը։ Այլ միջնորդություններ ևս ունենք՝ մի քանի անձի որպես վկա դատակոչելու և հարցաքննելու», – ասել է Նորիկյանը։
Փաստաբանը նշել է, որ տուժող կողմը շարունակելու է օգտվել դատավարական իրավունքներից և դատարանին ներկայացնել անհրաժեշտ միջնորդությունները։ Դրանց վերաբերյալ դատարանի կայացրած որոշումներից կախված՝ իրենք կորոշեն հետագա անելիքները։
«Մենք մեր իրավունքներն ամբողջ ծավալով կիրացնենք և դատարանին հերթականությամբ կներկայացնենք մեր միջնորդությունները։ Տեսնենք՝ դատարանն ինչ որոշումներ կկայացնի դրանց վերաբերյալ։ Դրանով պայմանավորված՝ կպլանավորենք մեր հետագա վարքագիծը»,– հայտարարել է Նորայր Նորիկյանը։
Հիշեցնենք, որ խոսքը 2023 թվականի հունվարի 19-ին Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված զինվորական կացարանում բռնկված հրդեհի գործի մասին է, որի հետևանքով զոհվել է 15 ժամկետային զինծառայող, ևս 7 զինծառայող տեղափոխվել է հիվանդանոց։
Գործով մեղադրյալ Եղիշե Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ավտոբենզինի հետ վարվելու կանոնները խախտելու և այն կացարանի վառարանը վառելու նպատակով օգտագործելու համար, ինչի հետևանքով, ըստ մեղադրանքի, հրդեհ է բռնկվել։ Հակոբյանն ընդունել է, որ վառարանը վառելու համար օգտագործել է արգելված վառելանյութ։ Գործի դատաքննությունը շարունակվում է։
Հարությունյան Մարգարիտա