1395 դիտում, 4 ամիս առաջ - 2026-05-27 19:42
Քաղաքական խաղադաշտ

Իլհամ Ալիևի տուզիկը չպետք է դառնա Հայաստանի Հանրապետության վարչապետ. Ռոբերտ Քոչարյան

Իլհամ Ալիևի տուզիկը չպետք է դառնա Հայաստանի Հանրապետության վարչապետ. Ռոբերտ Քոչարյան

Այսօր մեր «պացիենտը»՝ գիտեք երևի ում մասին է խոսքը, ասում է՝ մանդատ տվեք ընդդիմադիրներին նստեցնելու և երկար բանտերում պահելու համար։ Արդեն նստել ենք, չենք փախել, պատրաստ ենք պայքարել։ Իսկ մենք ասում ենք՝ մանդատ տվեք երկիրը կառուցելու, անվտանգությունն ապահովելու, ժողովրդի բարեկեցությունը բարձրացնելու, մեր ինքնությունը պաշտպանելու և արժանապատվությունը վերականգնելու համար։ «Իշխանություն» լրատվականի փոխանցմամբ՝ այս մասին Եղեգնաձորում տեղի ունեցած նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարեց «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Անդրադառնալով 2018 թվականի իրադարձություններին՝ Ռոբերտ Քոչարյանը նշեց, որ այդ ժամանակ տեղի ունեցավ հեղափոխության, իշխանափոխության ու իշխանափոխանցման մի համակցված պրոցես, քանի որ ժողովուրդը հոգնել էր արտոնյալներից ու տեղական «ֆեոդալներից»։

Դաշինքի առաջնորդի պնդմամբ՝ 2018-ի շարժումից հետո այդ ֆեոդալների մեծ մասը պարզապես կոշիկներն ու գլխարկները փոխեց և դարձավ գործող իշխանության կցորդը։ Նա հավելեց, որ այդ ֆեոդալների պարագլուխը Նիկոլ Փաշինյանն է, ով բռնում-նստեցնում է նրանց, ովքեր կոշիկները չեն փոխել, իսկ Վայոց ձորի մարզում էլ կա այդպիսի մի հայտնի կերպար, ով ոչ միայն ֆեոդալ է, այլև իշխանական լծակներ է ստացել, ուստի հունիսի 7-ին քաղաքացիները հնարավորություն ունեն այդ շղթան ջարդելու ու փոխելու։

Երկրորդ նախագահը խիստ քննադատեց նաև գործող ուժի արտաքին քաղաքական կուրսը՝ շեշտելով փոխադարձ հարգանքի վրա հիմնված հարաբերություններ կառուցելու անհրաժեշտությունը, որպեսզի այլ երկրների առաջնորդները Հայաստանի հետ կարգադրելով չխոսեն, այլ հաշվի առնեն երկրի շահերը։ Նա նշեց, որ այս իշխանությանը պետք է, Ղարաբաղի բարբառով ասած, «խզկոթից» բռնել ու դուրս շպրտել, և իրենք այդ պայքարի առաջնագծում են, երբեք հետ չեն նայել, բայց պետք է վստահ լինեն, որ ժողովուրդն իրենց թիկունքին է։

Քոչարյանը վստահեցրեց, որ այս հարցերի լուծման ճանապարհը հունիսի 7-ին համարձակորեն ընտրատեղամաս գնալն է, քանի որ ով քվեարկում է համար 16-ի օգտին, քվեարկում է Նիկոլի ու Իլհամի համար, մինչդեռ Իլհամ Ալիևի «տուզիկը» չպետք է դառնա Հայաստանի վարչապետ, և պետք է ընտրել համար 17-ին՝ «Հայաստան» դաշինքին։