669 դիտում, 4 ամիս առաջ - 2026-05-19 20:11
Քաղաքական խաղադաշտ

Սրա պուլտը գտնվում է Իլհամ Ալիևի ձեռքին․ Ռոբերտ Քոչարյանը՝ Նիկոլ Փաշինյանին

Գործող իշխանության վարած քաղաքականությունը կործանարար է երկրի համար, իսկ դրա ղեկավարի կառավարման ղեկը գտնվում է Բաքվում։ «Իշխանություն» լրատվականի փոխանցմամբ՝ այս մասին այսօր Գյումրիում տեղի ունեցած նախընտրական հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Ելույթի սկզբում նա պատմեց քայլերթի ժամանակ գյումրեցիներից մեկի հետ ունեցած կարճ զրույցի մասին, ով հետաքրքրվել էր, թե արդյոք հունիսի 7-ից հետո գործող վարչապետին հետ չեն ուղարկելու Գյումրի, որտեղից նա սկսել էր իր քայլերթը։

«Ես երդվեցի, որ չեմ ուղարկելու, և խոստանում ենք, որ չենք ուղարկելու. իր համար հատուկ տեղ կա, և այդ տեղի ներսի դիզայնը մենք արդեն նախագծել ենք: Մի պատին կլինի Արարատը, մյուս պատի վրա՝ եկեղեցի: Հասկանում ենք, որ դա խոշտանգում է լինելու իր համար, բայց թող դիմանա»,- նշեց Ռոբերտ Քոչարյանը։

Անդրադառնալով Գյումրիի նկատմամբ իր ունեցած առանձնահատուկ վերաբերմունքին՝ երկրորդ նախագահն ընդգծեց, որ իր պաշտոնավարման տարիներին Գյումրին եղել է այն քաղաքը, որտեղ ինքն ամենից հաճախն է այցելել՝ շինարարության տեմպերն ու քաղաքի վերականգնման ընթացքը անձամբ հսկելու համար։ Նա հայտարարեց, որ ոչ մի ղեկավար Գյումրիի համար այնքան չի արել, որքան ինքը, և խոստացավ վերադառնալուց հետո գիշեր-ցերեկ աշխատել՝ քաղաքում դեռևս մնացած տնակների հարցը վերջնականապես լուծելու համար։