318 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-21 12:10
Քաղաքական խաղադաշտ

«Իրավապահ մարմինները պատանդ են այս մարդու ձեռքին»․ Դավիթ Ղազինյան

«Իրավապահ մարմինները պատանդ են այս մարդու ձեռքին»․ Դավիթ Ղազինյան

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամ Դավիթ Ղազինյանը Ստեփանավանում կուսակցության աջակիցների ձերբակալությունները որակում է որպես քաղաքական գործընթացներին միջամտություն՝ պնդելով, որ որոշումները կայացնում է Նիկոլ Փաշինյանը։

«Եթե Ստեփանավանի համայնքապետի թեկնածուն մնար ազատության մեջ, այս շոուն չլիներ, ի՞նչ էր լինելու։ Ընտրություններից առաջ մեր կազմակերպչական թիմի անդամներին ու վստահված անձանց ձերբակալել են»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Ղազինյանը։

Նրա խոսքով՝ տեղի ունեցածը հաստատում է իրենց այն պնդումը, որ կուսակցությունը բոլոր համայնքներում չի մասնակցելու ընտրություններին։

«Յուրաքանչյուր տեղ, որտեղ մեր մասնակցությունը կլիներ, այսպես էր լինելու»,- նշեց նա։

Ղազինյանը նաև հայտարարեց, որ երկրում որոշումները կայացնում է մեկ մարդ՝ Նիկոլ Փաշինյանը, իսկ իրավապահ մարմինները, իր գնահատմամբ, նրա ազդեցության տակ են։

«Բացարձակ մեկ մարդու իշխանություն է. թող ոչ մի դատախազ, քննիչ կամ ԱԱԾ գլուխ չգովի, թե ինքը կարող է բան որոշել։ Մեկ հոգի է որոշում, և այդ մեկ հոգին Փաշինյանն է։ Մեր իրավապահ մարմինները բառի ուղիղ իմաստով պատանդ են այս մարդու ձեռքին»։