1920 դիտում, 1 ամիս առաջ - 2026-08-03 15:50
Քաղաքական խաղադաշտ

Հայրս երբեք նման բան թույլ չէր տա, մենք գիտակցել ենք հետևանքները. Ղազինյան

«Իմ հետ խնդիր ունենալով՝ մտել են իմ ընտանիք․ սա տղամարդուն հարիր արարք չէ»․-«Իշխանություն» լրատվականի հետ զրույցում այս մասին ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանը՝ անդրադառնալով ԵՊՀ-ի կողմից իր հոր՝ իրավաբան, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ԵՊՀ պատվավոր պրոֆեսոր Գագիկ Ղազինյանի աշխատանքային պայմանագիրը չերկարացնելու որոշմանը։

Ղազինյանը համոզված է՝ որոշումը պայմանավորված է ոչ միայն իր քաղաքական գործունեությամբ, այլև հոր՝ իշխանությունների նկատմամբ ունեցած դիրքորոշմամբ։ Նրա խոսքով՝ հիմնական պատճառը, սակայն, իր քաղաքական ակտիվությունն է։
Պատգամավորի գնահատմամբ՝ համալսարանի ղեկավարությունը նման որոշում ինքնուրույն չի կայացնում։ «Ռեկտորն ո՞վ է, որ որոշի։ Ռեկտորը կամակատար է, որը վերևից ասվածը արագ կատարելու է»,- ասում է նա՝ պնդելով, որ որոշումն ունի քաղաքական ենթատեքստ։

Դավիթ Ղազինյանը հիշեցնում է, որ Գագիկ Ղազինյանը շուրջ կես դար գործունեություն է ծավալում Երևանի պետական համալսարանում՝ չհաշված ուսանողական տարիները։ Նրա խոսքով՝ իրավագիտության ֆակուլտետի կայացման գործում հոր ունեցած ավանդը հայտնի է բոլորին, այդ թվում՝ ներկայիս իշխանության բազմաթիվ ներկայացուցիչներին, որոնք եղել են նրա ուսանողները։
Ղազինյանի խոսքով՝ Գագիկ Ղազինյանը հրավիրյալ դասախոս չի եղել, այլ մշտական դասախոս, որի պայմանագիրը տարիներ շարունակ երկարացվում է սահմանված կարգով։

Նա նաև ընդգծում է, որ իր հայրը ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս է, պետական պարգևների արժանացած գիտնական և ԵՊՀ պատվավոր պրոֆեսոր, իսկ այդ կոչումը ստանում է դեռևս մինչև իր քաղաքական գործունեությամբ զբաղվելը։

Հարցին, թե արդյո՞ք պատրաստ կլինի հրաժարվել քաղաքական գործունեությունից, եթե դա հնարավորություն տա հորը շարունակել դասավանդումը, Դավիթ Ղազինյանը պատասխանում է, որ նման բան հնարավոր չէ։ «Հայրս թույլ չէր տա։ Եթե մտնում ես այս պայքարի մեջ, ամեն ինչ հաշվի ես առնում»,- նշում է նա։

Լիա Սարգսյան

Մանրամասն՝ տեսանյութում