«Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Անուշ Վարդանյանը, ով նախկինում եղել է Արարատյան հայրապետական թեմի ատենապետ, «Իշխանություն» լրատվականի հետ զրույցում անդրադարձել է իշխանությունների և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու միջև առկա հարաբերություններին՝ պնդելով, որ թիրախում ոչ թե անձամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսն է, այլ ամբողջ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին։
Վարդանյանի խոսքով՝ դրա վկայություններից մեկն այն է, որ մինչև այժմ Ամենայն Հայոց Կաթողիկոսին հրավեր չի ուղարկվել մասնակցելու Ազգային ժողովի 9-րդ գումարման անդրանիկ նիստին։
«Զարմանալի չէր՝ հաշվի առնելով, թե ինչպիսի հակաեկեղեցական արշավ է այս պահին տարվում մեր երկրում։ Ինչքանով ես գիտեմ, օրենքով հենց Վեհափառ Հայրապետի ներկայությունն է պարտադիր այդ նիստին։ Այդ օրը հրավիրված և ելույթ ունենալու իրավունք ունեցող անձինք երկրի նախագահն ու Վեհափառ Հայրապետն են»,- ասաց նա։
Անդրադառնալով տեղեկություններին, թե նիստին կարող է հրավիրվել կարգալույծ հոգևորական, Վարդանյանը նշեց, որ եթե դա հաստատվի, ապա նպատակը լինելու է հերթական անգամ նսեմացնել Հայ Առաքելական Եկեղեցու դերը։
«Կարծում եմ՝ դա արվում է նրա համար, որպեսզի եկեղեցու դերը նսեմացնեն»,- ընդգծեց նա։
Խոսելով այն մասին, թե ինչու Ազգային ժողովի նիստին չեն հրավիրել Վեհափառի հրաժարականի պահանջով հանդես եկած բարձրաստիճան հոգևորականներից որևէ մեկին, այդ թվում՝ Նավասարդ Կճոյանին, Վարդանյանը նշեց, որ այդ հարցի պատասխանը չունի։
«Միգուցե սրբազան հայրը չի համաձայնվել։ Այդ հարցի պատասխանը, ցավոք, չգիտեմ»,- ասաց նա։
Անդրադառնալով Արարատյան հայրապետական թեմի գործունեությանը՝ Վարդանյանը նշեց, որ վերջին շրջանում տեղի ունեցած փոփոխությունները պայմանավորված են երիտասարդաց միությունների լուծարմամբ։
«Արարատյան հայրապետական թեմի երիտասարդաց միությունները լուծարվեցին։ Կարծում եմ՝ սա համար առաջին խնդիրն է։ Չգիտեմ՝ այս պահին թեմում երիտասարդաց միություններ կան, թե ոչ, բայց տարիներ շարունակ հենց երիտասարդների միջոցով էին կազմակերպվում այդ ծրագրերը։ Քանի որ լուծարեցին թեմի հարյուրավոր երիտասարդների աշխատանքը, ինձ նման շատերը դուրս եկան թեմից, որովհետև չցանկացան համագործակցել»,- ասաց նա։
Վարդանյանը հիշեց նաև, որ 2019 թվականին մասնակցել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կազմակերպած համահայկական ուխտագնացությանը դեպի Արցախ, որին ներկա էին նաև ներկայիս իշխանության ներկայացուցիչները։
«Այդ ժամանակ նույնիսկ պատկերացում չունեինք, որ մի օր Արցախը կհանձնվի, և մենք այլևս հնարավորություն չենք ունենա այցելելու այնտեղ։ Այդ ուխտագնացությունը կազմակերպված էր 34 պետություններից ժամանած մասնակիցների համար։ Այո, հրավիրված էին նաև քաղաքական գործիչներ, այդ թվում՝ ներկայիս Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Այդ ժամանակ չէինք կարող պատկերացնել, որ նման բան կարող էր տեղի ունենալ»,- նշեց նա։
Անդրադառնալով պատգամավորական մանդատ ստանալու հնարավորությանը՝ Վարդանյանը նշեց, որ այդ հարցով դեռևս որևէ քննարկում չի եղել։«Դեռ նման քննարկումներ չկան։ Կգա ժամանակը, պարզ կլինի»,- եզրափակեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում