336 դիտում, 1 ժամ առաջ - 2026-09-25 17:17
Հայաստանով մեկ Պատմության հետքերով

«Այս պայքարը մեր Սուրբ Եկեղեցու դեմ է»․ Անուշ Վարդանյան

«Այս պայքարը մեր Սուրբ Եկեղեցու դեմ է»․  Անուշ Վարդանյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Անուշ Վարդանյանը գրում է․

Չեմ կարդացել և նույնիսկ ցանկությունը չունեմ կարդալու պետական միջոցների մսխմամբ, դեղին մամուլի հրապարակումների օգտագործմամբ, և որ ամենաաբսուրդայինն է ՀՀ Սահմանադրության կոպիտ խախտումներով գրված այդ «զեկույցը»։

Ցավալին այն չէ, որ ՀՀ-ն փաստացի ղեկավարող մարդիկ, պետական ռեսուրսները օգտագործում են հանուն իրենց անձնական կամ քաղաքական շահի, խախտում են մեր երկրի Սահմանադրությունը կամ ոտնահարել և ոտնահարում են մեր կրոնական զգացումները, սրանք արդեն մեր աչքին սովորական են թվում։ Ցավալին այն է, որ մեր մի խումբ հայրենակիցներ մինչև այս պահը դեռևս վստահ են, որ այս պայքարը անձի դեմ պայքար է այլ ոչ մեր Սուրբ Եկեղեցու։

Ինչո՞ւ բանակում վերացվեց Հայ Առաքելական եկեղեցու ներկայությունը և արգելվեց գնդերեցների մուտքը զորամասներ և ի՞նչ հետևանքներ դա բերեց։ Հայաստանի դպրոցների կրթական ծրագրից ո՞ւր կորավ Հայ Եկեղեցու Պատմություն առարկան։ Ինչո՞ւ են բանտարկյալները այլևս զրկված հոգևորականի ներկայությունը վայելելուց։
Սրանք մի քանիսն են այն բազմաթիվ հարցերից, որոնք ցանկանում եմ, որ ամեն մեկը՝ ով մտածում է, որ այս պայքարը անձի դեմ է, տա ինքն իրեն և փորձի գտնել դրա պատասխանները։

Ինչ վերաբերում է Ամենայն Հայոց Հայրապետի անձին կամ ընդհանրապես հոգևորականի կարգին։ Հոգևորական լինել չի նշանակում պաշտոն ունենալ, հոգևորականությունը ատիճան է, իր յուրահատուկ իրավունքներով և առավել ևս պարտականություններով։ Տեր Հայր, Հայր Սուրբ, Սրբազան Հայր՝ այսպես ենք դիմում մեր հոգևոր հայրերին, ցույց տալով, որ եթե մենք մեզ համարում ենք Հայ Առաքելական Եկեղեցու անդամ, ապա ընդունում ենք իրենց, որպես մեր հոգևոր Հայրեր։ Իր հոր մասին բամբասողին, հոր վրա ծիծաղացողին, հոր մեղքերը քննարկողին ուղված, Նոյ Նահապետը մի լավ խոսք ունի, որը կարդում ենք Աստվածաշնչում. «Թող անիծյալ լինի Քանանը, ծառաների ծառա թող լինի իր եղբայրներին» (Ծննդոց 9:25)։ Մեր նախահայրը չանիծեց իր որդուն՝ Քամին, ով ծիծաղում էր հոր մարմնական թերության վրա, այլ անիծեց Քամից սերված Քանանին և իր սերունդներին։

Մտորենք, սիրելիներ։ Փորձենք հասկանալ առաջին հերթին՝ ով ենք մենք, ինչ լավ հետք ենք թողնելու մեզնից հետո, որքան բարի գործ ենք արել։ Չհավատանք դեղին մամուլի միջոցով գեներացված այդ կեղծ և շինծու մեղադրանքներին մեր եկեղեցու հասցեին։ Չվերցնենք անիծյալ Քանանի անեծքը մեզ վրա։ Պաշտպան կանգնենք մեր եկեղեցուն, լինենք մեր Գարեգին Երկրորդ Հայոց Հայրիկին արժանի զավակներ։

Տերը թող պահի և պահպանի մեր դրախտավայր և մասնատված Հայրենիքը, մեր Սուրբ և օրեցօր հզորացող Եկեղեցին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, գլխավորությամբ Գարեգին Երկրորդ Շինարար Հայրապետի։ Աստված ամենքիս հետ լինի։