«Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Անուշ Վարդանյանը գրում է.
«Ուժեղ Հայաստան»-ի դիրքորոշումը մանդատներ վերցնելու մասով արդեն հրապարակվել է։
Արդյո՞ք այս որոշումը բավարարում է մեր բոլոր ընտրողներին։ Ո՛չ։ Արդյո՞ք դադարում է մեր պայքարը։ Միանշանակ ո՛չ։ Փոփոխություններ միանշանակ լինելու են, և դրանք արդեն ճանապարհին են։ Այս մասին է վկայում իշխանությունների անհաջողությունն այն հարցում, որ անգամ այս կարգի լայնամասշտաբ ընտրակեղծիքների, վարչական ռեսուրսի ակնհայտ կիրառման, ինչպես նաև Սամվել Կարապետյանի մի շարք առանցքային թիմակիցների ձերբակալությունների պայմաններում, մոտ 340.000 քաղաքացի իր վստահության քվեն տվեց «Ուժեղ Հայաստան»-ին։
Այո՛, բարդ շրջան է «Ուժեղ Հայաստան»-ի համար։ Մեր ընտրողներից շատերը՝ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով պայմանավորված, վրդովված են մանդատները վերցնելու մասով «Ուժեղ Հայաստան»-ի դիրքորոշման արդյունքում։ Այո՛, մարդիկ քվեարկել են մեր օգտին՝ հավատալով, որ հենց այս թիմն է Սամվել Կարապետյանի գլխավորությամբ լինելու փոփոխություն բերողը։
Ինչպես մեր ցուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանն արդեն իր ելույթում ասել է, տևական քննարկումների արդյունքում այս որոշմանը հանգելու առաջնային նպատակը եղել է այն, որ փողոցային պայքարի ժամանակ զրկված չլինենք այն լծակներից, որոնք կարող են արդյունավետ կերպով աշխատել փողոցային պայքարին զուգահեռ և այդ պայքարի հետ համակցված։
Գաղտնիք չէ, որ ես եկեղեցում ծառայել եմ կյանքիս զգալի մասը և անցյալ տարի մոլեգնած հակաեկեղեցական արշավի շրջանում դուրս եմ մղվել եկեղեցուց՝ Վեհափառ Հայրապետին և Հայ Առաքելական Սուրբ եկեղեցուն նվիրվածությանս հետևանքով։ Դրանից հետո տրամաբանորեն հայտնվել եմ այն թիմում, որտեղ կանգնած են եկեղեցու պաշտպանության դիրքերում, այն թիմում, որի առաջնորդը քաղբանտարկյալի է վերածվել եկեղեցու պաշտպանության մասին խոսք ասելուց անմիջապես հետո։
«Ուժեղ Հայաստան»-ի թիմը պարբերաբար վերահաստատում է իր պատրաստակամությունը պաշտպանելու Հայ Առաքելական եկեղեցին՝ ի տարբերություն Փաշինյանի իշխանության, որի համար եկեղեցու հալածումը մի այնպիսի գաղափարամոլություն է, որ անգամ տեղ է գտել վերջիններիս 2026 թվականի նախընտրական ծրագրում։
Ուժեղ Հայաստան, հզոր հայրենիք ունենալու ցանկությունից զատ, սա ինձ համար կարևոր պատճառ է շարունակել «Ուժեղ Հայաստան»-ի թիմում ուժերիս ներածին չափով անել ամեն ինչ, որպեսզի հաջողենք։
Այո՛, թևակոխում ենք պայքարի նոր փուլ, որը, վստահ եմ, Աստծո կամոք հաջողելու ենք։