«Հանցագործ չենք, Արցախ չենք հանձնել, 5000 և ավելի երիտասարդների ու հայ մարդկանց կյանք չենք զոհել, Հայաստանը կտոր-կտոր թշնամուն չենք հանձնել։ Իրենք մեզ ասում են՝ սադրիչ են, իրենք էլ հանցագործ են, ուղղակի հանցագործ»,- «Իշխանություն» լրատվականի հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանը։
Բագրատ Սրբազանի խոսքով՝ ատելության, թշնամության, մարդկանց միջև ուղղակիորեն քայքայում բերող հարաբերությունների պատճառ չեն դարձել, եկեղեցու վրա չեն հարձակվել, ինքնության խարխլման պատճառ չեն դարձել, Արարատը չեն ուրացել, Ցեղասպանությունը չեն ուրացել և այսպես շարունակ։
Անդրադառնալով եկեղեցու դեմ իրականացվող գործընթացներին, որին միացել են նաև սրբազաններ, Բագրատ Սրբազանը նշել է, որ այդ թեմային անդրադարձել են դեռևս կալանավայրում գտնվելու ժամանակ։
«Էն նշանավոր տերմինն էլ, որ օգտագործում եք, մեր ներմուծածն է՝ իմ և Միքայել Սրբազանի։ Միշտ ասել եմ՝ էս բոլորի առջև, քիչ առաջ որ նշեցի, ամեն մարդ թող ինքը հաշվետվություն տա իրեն, ինքը ինչպես է զգում էդ բոլորի դիմաց, ինչ է ապրում էդ բոլորի դիմաց, հատկապես հոգևորականները։ Թող իրենք հաշիվ տան, մտածեն՝ էդ բոլոր արհավիրքները, որ տեղի են ունեցել, իրենք դա ոնց են գնահատում՝ ճիշտ է դա, թե սխալ է։ Կեղծ օրակարգեր են բերվում՝ եկեղեցու դեմ ենք, եկեղեցու դեմ չենք, բարենորոգում ենք, չենք բարենորոգում»,- ասաց Սրբազանը։
Սրբազանը նաև նշել է, որ ինքը չի շփվել և տեղեկություններ չունի այդ հոգևորականների որոշումների պատճառների վերաբերյալ, քանի որ այդ ժամանակահատվածում գտնվել է կալանավայրում։
Նրա խոսքով՝ հարցազրույց է տվել, խոսել Միքայել Սրբազանի որոշման մասին։ Բանտում խոսել է իր հետ այդ թեմայով։ Հորդորել է, ասել է՝ ինչքան որ կարողացել է, բայց ինքն է որոշում կայացնողը։
Անդրադառնալով «Սրբազան պայքարի» ընթացքում թույլ տված սխալներին՝ Բագրատ Սրբազանը նշել է, որ շտապել են և սխալվել, սակայն ընդգծել է՝ պատասխանատվությունից երբեք չի խուսափել։
«Սրբազան պայքարը չի ավարտվել՝ իմ տեսքով կամ ուրիշի տեսքով կապ չունի։ Եթե Հայաստանը ազատագրված չի, ուրեմն չի ավարտվել։ Ես ժամանակ առ ժամանակ, երբ խոսում եմ այս մասին, միշտ ասում եմ, որ սա քաղաքակրթական կռիվ է, բովանդակության մասին է։ Սա մեր արժեքների կորստյան կամ դրանց պաշտպանության մասին է, որի վրայից իրավունք չունենք ուղղակի անցնելու։ Սա քաղաքական պայքար չէ, և ես շատ ճիշտ բաներ էլ եմ արել»,- ասաց Բագրատ Սրբազանը։
Մանրամասները՝ տեսանյութում