Այսօր իմ ապօրինի կալանավորման 356-րդ օրն է, 10 օր հետո կլրանա արդեն մեկ տարի, և ես փառք եմ հայտնում Աստծուն այս սքանչելի օրերն ինձ պարգևելու համար։ «Իշխանություն» լրատվականի փոխանցմամբ՝ այս մասին այսօր Վերաքննիչ քրեական դատարանում հայտարարեց Միքայել արքեպիսկոպոսը։
Բարձրաստիճան հոգևորականը դատարանում ընդգծեց, որ իր նկատմամբ իրականացվող հետապնդումը բացարձակ ապօրինի է, ինքը որևէ մեղք չի գործել և չի ընդունում առաջադրված մեղադրանքի ոչ մի կետը։
«Շնորհակալ եմ մեր պատվաժան դատարանին, որ արգելեց չորս ամիս որևիցե շփում՝ բացառությամբ չորս հոգու, և այս մեծ հաճույքով կենտրոնացա իմ հոգևոր, մտավոր և ֆիզիկական բարորության վրա։ Սա ձևական չեմ ասում, մենք իրապես սքանչելի օրեր ենք անցկացնում, իմ կյանքի լավագույն օրերն էին։ Ոչ մի մտահոգություն չունես. հոտդ քեզանից խլված է, իրավունք չունես քո հոտով կամ որևէ հարցով զբաղվելու, միայն մտածիր աղոթելու, հոգևոր խաղաղության, ընթերցանության և քո անցած կյանքը վերլուծելու մասին»,- ասաց նա։
Միքայել սրբազանը հավելեց, որ Աստծուն փառք տալով հանդերձ՝ ինքը երբեք շնորհակալություն չի հայտնի նրանց, ովքեր իրենց քաղաքական նպատակների համար ստեղծեցին այս իրավիճակը։ Ըստ նրա՝ այդ մարդիկ պետք է պատասխան տան, եթե ոչ օրենքի, ապա՝ Աստծո առաջ։
Արքեպիսկոպոսի խոսքով՝ իրադրությունը վիրավորական և ամոթալի է, ոչ թե իր անձի, այլ հենց Հայաստանի Հանրապետության համար, քանի որ երկրում համատարած բնույթ են կրում հոգևորականների դեմ հարուցված գործերը։
«Ամոթ է Հայաստանի Հանրապետության համար, որ այսօր երկրում բոլոր եպիսկոպոսների վրա քրեական հետապնդումներ ու քրեական գործեր են հարուցված՝ բացի մեկից, ում անունը չեմ տալիս, թե չէ նրա վրա էլ կհասնի։ Բոլոր եպիսկոպոսները մինչև 2025 թվականը օրինապահ քաղաքացիներ էին՝ ներառյալ Վեհափառ Հայրապետը, և հանկարծ 2025 թվականին կոլեկտիվ խեղճության մեջ մտան ու սկսեցին օրենքը խախտե՞լ»,- ասաց նա։
Սրբազանն իր ելույթում խիստ ձևակերպումներով մեղադրեց երկրի բարձրաստիճան պաշտոնյաներին ստախոսության մեջ։
«Գլխավոր դատախազը, Քննչական կոմիտեի ղեկավարը, Արդարադատության նախարարը, նույնիսկ Մարդու իրավունքների պաշտպանը սուտ են խոսել։ Այդ ստախոսության համար պատասխանատվություն լինելո՞ւ է, թե՞ ոչ, եթե ես անարդար կերպով մեկ տարի անազատության մեջ եմ և դեռ հնարավոր է՝ մեկ-մեկուկես տարի էլ լինեմ»,- ասաց նա։
Բարձրացնելով կալանքի իրավական հիմնավորվածության հարցը՝ Միքայել սրբազանը նշեց, որ նույնիսկ եթե ենթադրենք, թե ինքը որևէ կոչ է արել, այդ արարքը որևէ հետևանք չի առաջացրել։
«Մենք չունենք ո՛չ տուժող, ո՛չ վկա. չի հայտնաբերվել և չի եղել ոչ մի վկա ու տուժող։ Քանի որ հոդվածն էլ ենթադրում և տալիս է ավելի մեղմ պատժամիջոցի հնարավորություն, արդյո՞ք հնարավոր չէր ավելի մեղմ խափանման միջոց կիրառել իմ նկատմամբ։ Ես ասել եմ՝ պատրաստ եմ թեկուզ ցմահ դատապարտման, բայց այս խափանման միջոցն ինչի՞ մասին է, սա ապօրինություն չէ՞»,- նշեց նա։
Ելույթի ավարտին հոգևորականը շնորհակալություն հայտնեց իր պաշտպաններին բացառիկ պրոֆեսիոնալիզմի և կիրառված բոլոր անօրինականությունները վերհանելու համար, ինչպես նաև ներողություն խնդրեց հարազատներից ու ժողովրդից, ովքեր ծանր են տանում իր բանտարկությունը։