3519 դիտում, 3 ամիս առաջ - 2026-06-19 17:49
Քաղաքական խաղադաշտ

ՍԴ-ն պետք է կամք դրսևորի և անվավեր ճանաչի այս խայտառակ ընտրությունները. Արծվիկ Մինասյան

ՍԴ-ն պետք է կամք դրսևորի և անվավեր ճանաչի այս խայտառակ ընտրությունները. Արծվիկ Մինասյան


Տևական ժամանակ է, ինչ իշխանությունը փորձում է ընդդիմությանը վերագրել գործողություններ կամ մեղսագրել այնպիսի արարքներ, որոնք բնորոշ են հենց իրենց, և դա անում են առանց վարանելու ու ամոթի զգացողության։ «Իշխանություն» լրատվականի փոխանցմամբ՝ այս մասին այսօր, Սահմանադրական դատարանի դիմաց հայտարարեց «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով հետընտրական զարգացումներին և ՍԴ ներկայացված իրենց դիմումին։

Արծվիկ Մինասյանի գնահատմամբ՝ սա երբևէ եղած ամենախայտառակ ընտրությունն է, որտեղ իշխանությունը գործադրել է ողջ վարչական ու ֆինանսական ռեսուրսը։

«Իշխանությունը ոչ միայն հանրությանը պատկանող միջոցները ընտրակաշառքի տեսքով տվել է ընտրողներին, այլև օգտագործել է իր ողջ լիազորությունները քաղաքացիներին բռնության ենթարկելու համար։ Մի մոռացեք, որ այս քարոզարշավի ընթացքում քրեակատարողական հիմնարկում նույնիսկ մարդ է մահացել։ Ավելին, Նիկոլ Փաշինյանն իր խառնակչության էությանը համապատասխան՝ հիմա էլ հրահրում ու անոնսում է քաղաքացիական բախումներ»,- ասաց նա։

Հարցին, թե ի՞նչ ակնկալիքներ ունեն Սահմանադրական դատարանից, որի կազմն իրենց ուժի համար լեգիտիմ չի եղել, Մինասյանը պատասխանեց, որ իրենք երազանքների մեջ չեն գտնվում, բայց ՍԴ-ն ունի երկու ճանապարհ։

«Եթե ՍԴ-ն ունենա կամք, շարժվի Սահմանադրությամբ և բացահայտ ճշմարտություններն արձանագրելով անվավեր ճանաչի ընտրությունները, հաղթելու է ժողովուրդն ու պետությունը։ ՍԴ-ն ունի մեխանիզմներ ներգրավելու դատախազությանը, որպեսզի ընթացք տրվի նախընտրական, ընտրական և հետընտրական շրջանում տեղի ունեցած բոլոր ծանր հանցագործություններին, ինչը թույլ կտա քրեական պատասխանատվության կանչել Նիկոլ Փաշինյանին ու իր հանցակիցներին»,- ասաց պատգամավորի թեկնածուն։

Մինասյանը հավելեց, որ եթե ՍԴ-ն չունենա այդ կամքը և հերթական անգամ վավերացնի հակապետական իշխանության գործողությունները, ապա ստիպված կլինեն արձանագրել, որ իշխանությունն ամբողջությամբ յուրացվել է։

Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք պատրաստ են նոր ընտրությունների գնալ Նիկոլ Փաշինյանի հետ, պատգամավորության թեկնածուն նշեց․ «Մեր պահանջը շատ պարզ է՝ անվավեր ճանաչել ընտրության արդյունքները և գնալ նոր ընտրությունների։ «Հայաստան» դաշինքը պատրաստ է գնալ նոր ընտրությունների իբրև քաղաքական միավոր ու մրցակից, բայց ոչ այս այլանդակ կազմակերպվածության պայմաններում։ Փաշինյանը հայտարարում է, թե ընդդիմությանը ընտրած քաղաքացիների 70%-ը ընտրակաշառք է վերցրել. նա պարզապես չի ճանաչում ժողովրդի ընտրությունը, բայց ՍԴ-ում դուք կտեսնեք տասնյակ հազարավոր տվյալներ, որտեղ ստորագրություն չկա ցուցակներում, բայց թվեր են նկարված»։