1161 դիտում, 4 ամիս առաջ - 2026-06-04 13:14
Քաղաքական խաղադաշտ

Դատախազը պետք է քրեական հետապնդում հարուցի Նիկոլ Փաշինյանի նկատմամբ․ Արծվիկ Մինասյան

Դատախազը պետք է քրեական հետապնդում հարուցի Նիկոլ Փաշինյանի նկատմամբ․ Արծվիկ Մինասյան


Իշխանությունն իր հպատակ իրավապահ համակարգով ընդդիմադիր գրեթե բոլոր շտաբներում և վայրերում իրականացնում է այսպես կոչված օպերացիաներ։ Ակնհայտ է, որ դրանք որևէ լուրջ հետևանք չեն ունենալու։

«Իշխանություն» լրատվականի փոխանցմամբ՝ այս մասին այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավորի թեկնածու Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով երկրում ստեղծված իրավաքաղաքական իրավիճակին, ընդդիմադիր շտաբներում իրականացվող խուզարկություններին և վարչական ռեսուրսի չարաշահումներին:

«Իշխանությունը հասկանում է, որ հողը ոտքերի տակից գնում է, և փորձում է կեղծ պատկեր ստեղծել հանրության ու միջազգային կազմակերպությունների մոտ, թե իբր ընդդիմությունն է ընտրական խախտումներ անում»,- նշեց պատգամավորը՝ հավելելով, որ իրականում ամենախոշոր ընտրախախտողը հենց գործող իշխանությունն է, որը նախընտրական մթնոլորտում ատելություն ու թշնամանք է սերմանում։

Արծվիկ Մինասյանի խոսքով՝ իրենց ձևավորած իրավական հանձնախումբն արձանագրել է բազմաթիվ փաստեր ու դեպքեր, որոնք վկայում են գործող իշխանության կողմից մարդու իրավունքների ոտնահարման և հանրային բարոյականության կանոնների խախտման մասին:

«Երբ Նիկոլ Փաշինյանը հրապարակային քարոզարշավի ժամանակ վկայակոչում է Ազգային անվտանգության ծառայությանը և ասում, թե վաղը թեկնածուներից մեկին պետական դավաճանության հատկանիշներով մեղադրանք է առաջադրվելու, սա ոչ միայն անձնական տվյալների, այլև պետական գաղտնիքի և քրեական դատավարության օրենսդրության կոպիտ խախտում է»,- ասաց նա։

Մինասյանի պնդմամբ՝ եթե Գլխավոր դատախազը հավատարիմ լիներ իր սահմանադրական լիազորություններին, պետք է անմիջապես հանրային քրեական հետապնդում հարուցեր Նիկոլ Փաշինյանի նկատմամբ։

Ամփոփելով խոսքը՝ պատգամավորը վստահություն հայտնեց, որ իշխանափոխությունից հետո իրավապահ համակարգի բոլոր այն աշխատակիցները, որոնք դիտավորյալ խեղաթյուրում են իրականությունը, կանգնելու են արդարադատության առջև։