Արդարադատություն մեր երկրում իրականացնում են միայն դատավորները։ Ես, ցավոք սրտի կամ բարեբախտաբար, արդարադատություն չեմ իրականացնում, ես առաջնորդում եմ այդ ոլորտում քաղաքականության մշակման աշխատանքները։
«Իշխանություն» լրատվականի փոխանցմամբ՝ այս մասին այսօր հայտարարեց Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ անդրադառնալով իր կարգավիճակին և Սահմանադրական դատարանի շուրջ քննարկումներին։
Նախարարն ընդգծեց, որ ինքն արդարադատության իրականացման խնդիր իր առջև դրված չունի և չի կարող ունենալ, իսկ տվյալ վայրում գտնվում է որպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ։
Անդրադառնալով Սահմանադրական դատարանում ընթացող ընտրական գործընթացների վերաբերյալ քննությանը և քաղաքացիների սպասելիքներին՝ Սրբուհի Գալյանը նշեց. «Ես վստահ եմ, որ քաղաքացիները պետք է ունենան այն գիտակցումը, որ բարձր դատարանի կողմից քննարկվող հարցը պետք է ստանա ճիշտ հանգուցալուծում, և սահմանադրական արդարադատություն պետք է տեղի ունենա։ Մենք հիմա այն դատարանի շենքի առջև ենք, որը սահմանադրական արդարադատություն է իրականացնում, և այս գործով ևս այդ արդարադատությունը պետք է իրացվի»։
Հարցին, թե որքանո՞վ է կողքից ընկալելի ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի անաչառությունը, ում հարսն աշխատում էր վարչապետի աշխատակազմում, իսկ որդին հոդվածներ էր հրապարակում «Հայկական ժամանակում», նախարարը պատասխանեց, որ դա ներքին չափանիշների հարց է։
«Ինքնաբացարկի ինստիտուտն այն մասին է, որ անձն ինքը պետք է հասկանա՝ արդյո՞ք շահերի բախում ունի որոշակի կոնկրետ իրավիճակում, թե՞ չունի։ Եվ եթե այդ իրավիճակը բացակայում է, որոշում է կայացվում, որ անձն ինքնաբացարկ հայտնելու կամ վարույթին չմասնակցելու պատճառներ չունի։ Ես չեմ կարող ասել, թե ինչ ներքին չափանիշներով է առաջնորդվում Սեդա Սաֆարյանը կամ օրինակ՝ այլ դատավոր, որը ենթադրել է, որ իր մասնակցությունը կարող է շահերի բախման իրավիճակ ստեղծել»,- ասաց նա։
Հարցին, թե արդյո՞ք «Քաղաքացիական պայմանագիրը» պատրաստ է կրկին գնալ խորհրդարանական ընտրությունների, եթե Սահմանադրական դատարանը որոշի անվավեր ճանաչել անցած ընտրությունների արդյունքները, Սրբուհի Գալյանն ասաց․
«Իհարկե, եթե Սահմանադրական դատարանն այդպես որոշի, մենք պետք է պատրաստվենք ընտրություններին»։