Ընտրությունների անցկացումը չի կարող հիմք հանդիսանալ պետության սահմանադրական պարտականությունների կատարումը դադարեցնելու կամ հետաձգելու համար։ Կառավարության ծրագրով նախատեսված էր թոշակների պարբերական բարձրացում մինչև 2026 թվականը, և այդ քաղաքականությունը հետևողականորեն իրականացվել է դեռևս 2019 թվականից։
«Իշխանություն» լրատվականի փոխանցմամբ՝ Սահմանադրական դատարանում ընթացող քննության ժամանակ այսպիսի հայտարարություն արեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ Սրբուհի Գալյանը՝ անդրադառնալով ընդդիմադիր ուժերի այն պնդումներին, թե ընտրությունների նախաշեմին կենսաթոշակների բարձրացումը, առողջապահության համընդհանուր ապահովագրության ներդրումն ու վարկերի սուբսիդավորումը հանդիսանում են վարչական ռեսուրսի չարաշահում և սոցիալական կաշառք։
Գալյանի ձևակերպմամբ՝ ընդդիմության տրամաբանությամբ առաջնորդվելու դեպքում պետական ապարատը պարզապես պետք է կաթվածահար լիներ։
«Եթե այս ամենը համարենք որպես սոցիալական կաշառք, կարող ենք ասել, որ կառավարությունն ընդհանրապես գործ չպետք է աներ, և ուղղակի պետք էր գնալ տուն, կամ մնար որպես կառավարություն ու գործ չաներ, ինչպիսի երևույթին, ցավոք սրտի, մենք նախկինում ականատես եղել ենք։ Այս փաստերը վկայում են, որ խոսքը ոչ թե ընտրությունների նախաշեմին ընդունված մեկանգամյա որոշման մասին է, այլ տարիներ շարունակ իրականացվող պետական սոցիալական քաղաքականության։ Դա եղել է պարբերական և փաստագրված է»,- ասաց նա։
Սրբուհի Գալյանը վստահեցրեց, որ միայն այն հանգամանքը, որ սոցիալական քաղաքականության հերթական փուլը ժամանակագրական առումով համընկել է ընտրությունների հետ, ինքնին չի կարող վկայել պետության չեզոքության սկզբունքի խախտման կամ վարչական ռեսուրսի չարաշահման մասին։