«Իշխանություն» լրատվականը Datalex տեղեկատվական համակարգից տեղեկանում է, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը դատական հայց է ներկայացրել Նիկոլ Փաշինյանի դեմ՝ պահանջելով՝ զրպարտություն ու վիրավորանք համարվող հայտարարությունների հերքում, ներողություն, ինչպես նաև պատվի և արժանապատվության արատավորման համար դրամական փոխհատուցում։
Դատական հայցի հիմքում ընկած է մայիսի 28-ի Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը, որի ընթացքում վերջինիս հնչեցրած հայտարարությունները Գագիկ Ծառուկյանի կողմը որակում է որպես սուտ և իրականությանը չհամապատասխանող զրպարտություն ու վիրավորանք։
Ըստ հայցադիմումի՝ Ծառուկյանը պահանջում է պարտավորեցնել Նիկոլ Փաշինյանին՝ վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում հրապարակայնորեն հերքել տարածված տեղեկությունները։ Հերքումը պետք է իրականացվի ԶԼՄ-ների համար հասանելի վայրում՝ նախապես 24 ժամ առաջ ծանուցելով նրանց, հետևյալ տեքստով.
«ՀԵՐՔՈՒՄ, 28.05.2026 թվականին տված ճեպազրույցիս ընթացքում Գագիկ Ծառուկյանի՝ «հանցագործ», «շպիոն», «գործակալ» լինելու, «հանցավոր գործարք կնքած լինելու», «Հայաստանի ժողովրդին թալանելու», «օտարերկրյա հատուկ ծառայության ցուցումով Անդրանիկ Թևանյանին ԲՀԿ ցուցակում ներառելու» վերաբերյալ հրապարակված տվյալները չեն համապատասխանում իրականությանը՝ սուտ են»։
Բացի հերքումից, Գագիկ Ծառուկյանը պահանջում է, որ Նիկոլ Փաշինյանը հրապարակայնորեն ներողություն խնդրի իրենից՝ նշելով.
«Ես՝ Նիկոլ Փաշինյանս, ներողություն եմ խնդրում Գագիկ Ծառուկյանից 2026 թվականի մայիսի 28-ին ճեպազրույցիս ժամանակ Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ հնչեցված՝ Գագիկ Ծառուկյանի պատիվն ու արժանապատվությունն արատավորող արտահայտությունների համար, մասնավորապես ներողություն եմ խնդրում Գագիկ Ծառուկյանին շպիոն, գործակալ, հանցագործ անվանելու համար»։
Գագիկ Ծառուկյանը պահանջում է նաև Նիկոլ Փաշինյանից հօգուտ իրեն բռնագանձել ընդհանուր 9 միլիոն 310 հազար դրամ գումար՝ որպես պատճառված բարոյական վնասի փոխհատուցում։