Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն իրականությանը չհամապատասխանող էին և ունեին իմ պատիվն ու արժանապատվությունը արատավորող բնույթ, այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի նախկին ղեկավար, «Միասնության թևեր» կուսակցության ներկայացուցիչ Լիպարիտ Դրմեյանը։
«Որոշել եմ իմ իրավունքները ՀՀ օրենսդրությամբ սահմանված ընթացակարգերի համաձայն պաշտպանել դատական կարգով ու հայց եմ ներկայացրել զրպարտություն համարվող տեղեկությունները հերքել պարտավորեցնելու մասին»,-ասաց Դրմեյանը։
Նա նշեց, թե խոսքը բոլոր այն արտահայտությունների մասին է, որոնք վերաբերում էին արբիտրաժային վարույթի ընթացքում իր պարտականությունները կատարելուն, շահերի բախումներ ունենալուն։
Դրմեյանն ասաց նաև, թե այս ամենը կապում է իր՝ ընդդիմադիր գործունեության հետ, չբացառելով նաև, որ հող են նախապատրաստում իրեն կալանավորելու համար։