1980 դիտում, 4 ամիս առաջ - 2026-06-03 19:33
Քաղաքական խաղադաշտ

Նիկոլ Փաշինյանի անունը դրել եմ «սեղանի կոմբայն»․ Ռոբերտ Քոչարյան

Նիկոլ Փաշինյանի անունը դրել եմ «սեղանի կոմբայն»․ Ռոբերտ Քոչարյան


Արդեն մոռացել ենք երևի կովիդի դեմ պայքարը. երեք անգամ ավելի շատ մահ ունեցանք, քան միջինում աշխարհում էր։ Սա ևս վատագույն սցենարն էր։ Այսօր երկրի այսպես կոչված առաջնորդը վատագույն սցենարների վարպետ է։ Ինչին սա կպնում է՝ մահ է բերում։

«Իշխանություն» լրատվականի փոխանցմամբ՝ այս մասին այսօր Հրազդանում տեղի ունեցած նախընտրական հանրահավաքի ժամանակ հայտարարեց երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։

Երկրորդ նախագահն իր ելույթում անդրադարձավ Գորիս-Կապան ճանապարհի հանձնմանը։

«Մի թքող պաշտոնյա ունենք, որն ասաց, թե մենք ենք հանձնել։ Երևի իրենց կարծիքով ճիշտ են արել, որովհետև վերջը՝ ձմեռը ձյուն կգա, պիտի ճանապարհը մաքրեն, փոսերին լատկա դնեն։ Այն գլխից հանձնեցին, թող Ադրբեջանը տառապի այդ ճանապարհը պահելով ու սպասարկելով։ Եթե տրամաբանությունը սա է, ուրեմն հերթով Սյունիք, Վարդենիս հանձնելով գալու են, որովհետև այդ շնորհքը իրենք չունեն՝ հող պահելու, երկիր պահելու և պաշտպանելու»,- ասաց նա։

Ռոբերտ Քոչարյանն առաջարկեց դիտարկել իշխանության կառավարման «շնորհքը» երեք պարզ օրինակով՝ շեշտելով, որ Արցախի հարցում և 44-օրյա պատերազմում իրականություն դարձավ վատագույն սցենարը, որը հնարավոր էր պատկերացնել։ Դաշինքի առաջնորդի պնդմամբ՝ սա գործող ղեկավարի տեսակն ու «խասյաթն» է, որը սկսվել է դեռևս 2008 թվականից։

«Իր մահացու հաղթարշավը ինքը սկսել է մարտի 1-ին։ Այն ժամանակ նա հրահրեց ոստիկանների հետ բախումներ, 10 հոգու զոհ դարձավ, ինքը փախավ։ Այս մարդը այլ կերպ ապրել չի կարող։ Նա պետք է հրահրի բախումներ, տարանջատի ժողովրդին, թշնամություն սերմանի։ Ինքը քայլող ատելություն է, քայլող թշնամանք է, քայլող պատուհաս»,- ասաց Քոչարյանը։

Երկրորդ նախագահն իշխանություններին մեղադրեց Ռուսաստանի հետ հարաբերությունները հետևողականորեն փչացնելու և երկիրը նոր արկածախնդրության մեջ մտցնելու համար՝ նշելով, որ դա արվում է Բրյուսելում ինչ-որ մեկին դուր գալու համար։

Ըստ նրա՝ Հայաստանը պետք է և կարող է լավ հարաբերություններ ունենալ թե՛ Մոսկվայի, թե՛ Բրյուսելի, թե՛ Վաշինգտոնի հետ, ինչն իրենք արել են նույնիսկ ամենաբարդ աշխարհաքաղաքական պայմաններում։
Քոչարյանը նաև ընդգծեց, որ այս քաղաքականության պատճառով հսկայական հարված է հասցվելու գյուղատնտեսությանը, ինչից, նրա խոսքով, գործող վարչապետը ոչինչ չի հասկանում։

«Ինքը գյուղատնտեսական ապրանքների լուրջ սպառող է՝ ուտում է, ուտում է, ուտում։ Ես նույնիսկ անունը դրել եմ «սեղանի կոմբայն»։ Մարդիկ թթվածին են շնչում, չէ՞, սա ատելություն պիտի շնչի-արտաշնչի։ Սրա թոքերը այդպես են աշխատում՝ վիրուսակիր է ա՛հավոր։ Ինքը պրոբլեմի մաս չէ, հենց պրոբլեմը ինքն է՝ ոտից գլուխ»,- ասաց նա։

Ռոբերտ Քոչարյանը վստահեցրեց, որ Հայաստանը կարող է հանգիստ և արժանապատիվ ապրել, այլ ոչ թե «ենթակա-շեֆ» հարաբերություններ ունենալ բոլոր երկրների, այդ թվում՝ հարևանների հետ, և վերադարձնել կորսված հարգանքը տարածաշրջանում։