1515 դիտում, 4 ամիս առաջ - 2026-05-19 14:22
Քաղաքական խաղադաշտ

Նիկոլ Փաշինյանը առերևույթ հոգեկան խանգարում ունի. Ռոբերտ Քոչարյան

«Իշխանություն» լրատվականի փոխանցմամբ՝ Ախուրյանում բնակիչների հետ հանդիպման ժամանակ «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ գործող իշխանության ղեկավարն ակնհայտորեն ի ցույց է դնում հոգեկան անհավասարակշռության հատկանիշներ։

«Չարենցավանում մի միտք արտահայտեցի, թե արդար չէ, որ վարորդական իրավունք ստանալու համար մարդ հոգեբուժական տեղեկանք է հանձնում, իսկ երկրի ղեկը վարելու համար այդպիսի թղթի կարիք չկա։ Երեկ մենք դրա առարկայական ապացույցը ստացանք. այս մարդն իր վարքագծով ցույց տվեց, որ առերևույթ հոգեկան խանգարումների հատկանիշներ ունի»,- ասաց նա։

Դաշինքի առաջնորդն անդրադարձավ նաև արցախցիների հասցեին իշխանությունների կողմից հնչող վիրավորական հայտարարություններին՝ զուգահեռներ անցկացնելով հայ ժողովրդի պատմական անցյալի հետ։

«9 ամիս տոտալ շրջափակման մեջ գտնված մարդկանց գալուստը նա անվանեց փախուստ։ Ախուրյանցիների նախնիների մեծ մասի արմատները Մուշից ու Ղարսից են։ Ձեր պապերին ու տատերին էլ են ժամանակին ասել՝ «փախած», մինչդեռ նրանք կա՛մ պետք է իսլամ ընդունեին ու թուրք դառնային, կա՛մ մեռնեին։ Սա նույն անալոգիան է։ Այս մարդը վիրավորել է մեր ժողովրդի 70%-ից ավելիին»,- շեշտեց Ռոբերտ Քոչարյանը։

Խոսելով ստեղծված իրավիճակը ընտրություններով փոխելու հնարավորության մասին՝ Քոչարյանը կոչ արեց քվեով տալ արժանի պատասխանը։

«Այս իրավիճակը փոխելու ելքը հունիսի 7-ին ընտրատեղամաս գնալն է և մի լավ ապտակելը այն սրիկային, որը համարձակվել է վիրավորել մեր ժողովրդի մեծամասնությանը։ Պարզապես ձեր քվեով պատասխանեք այն ամենին, ինչ այս տարիների ընթացքում մեր բոլորի հետ արել են»,- եզրափակեց երկրորդ նախագահը։