«Իշխանություն» լրատվականի փոխանցմամբ՝ «Հայաստան» դաշինքի քարոզարշավի շրջանակում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչների հետ հանդիպմանը ելույթ ունեցավ Երևանի ավագանու անդամ Սամվել Հակոբյանը։
Սամվել Հակոբյանը սուր քննադատության ենթարկեց գործող քաղաքային իշխանություններին՝ նրանց մեղադրելով մանդատներ գողանալու և սկզբունքներ չունենալու մեջ։
«Այս մարդիկ չունեն որևէ բարոյական կարմիր գծեր։ Միակ պատճառը, որ իրենք այսօր ունեն քաղաքապետ, այն է, որ մանդատ գողացան մի քաղաքական միավորից, որն իր ամբողջ կապիտալը ստեղծել էր ՔՊ-ին քննադատելով։ Սկզբունքներ չունեն, միայն ուզում են վերարտադրվել, որովհետև հասկանում են՝ իշխանափոխության դեպքում հերթով գնալու են բերդ»,- հայտարարեց ավագանու անդամը։
Անդրադառնալով քաղաքում առկա խնդիրներին՝ Հակոբյանը առանձնացրեց գույքահարկի և կարմիր գծերի թանկացումները։ Նա նշեց, որ քաղաքացիներն արդեն իրենց սեփական տներում վարձով են ապրում, իսկ ավտոկայանատեղիների թանկացումն անվանեց ապօրինի և անարդյունավետ։
«13 անգամ կարմիր գծերը ապօրինաբար թանկացրեցին։ Դատական երկու վճռով հաստատվեց, որ թանկացումն ապօրինի է։ Բայց եթե իրավական մասը մի կողմ դնենք՝ փողոցները բեռնաթափվե՞լ են, խցանումները քչացե՞լ են։ Ո՛չ։ Այս մարդիկ թքած ունեն օրենքի վրա և հետաքրքրված չեն ձեր կյանքը լավացնելով»,- ասաց նա։