Անցնող մի ամսվա ընթացքում փայլուն աշխատանք ենք իրականացրել միասին, և այս հաշվետու եզրափակիչ ելույթը սկսելուց առաջ ես ուզում եմ ծափահարել ձեզ՝ ձեր համառության ու ջանքերի համար։
«Իշխանություն» լրատվականի փոխանցմամբ՝ այս մասին այսօր հայտարարեց «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Աննա Գրիգորյանը՝ ամփոփելով իրենց կատարած աշխատանքը։
Նա նշեց, որ տարիների ընթացքում տարբեր հարթակներից բազմաթիվ ելույթներ է ուղղել գործող իշխանություններին ու միջազգային գործընկերներին, սակայն այսօր իր խոսքն ուզում է ձևակերպել՝ ուղղելով հավաքին ներկա իր որդուն։
Դիմելով որդուն՝ Աննա Գրիգորյանն ընդգծեց, որ վերջին տարիները նորանկախ պատմության ընթացքում թերևս ամենածանրն են եղել, և տուն վերադառնալիս որդին հաճախ է նկատել իր զայրույթն ու անհանգստությունը հայրենիքի համար։ Նա շեշտեց, որ իրենց քաղաքական թիմն իրավունք չուներ լռելու և եղել է պայքարի առաջնագծում, քանի որ դպրոցների պատերից այսօր նայում են այն հերոս տղաների նկարները, ովքեր իրենց կյանքը զոհեցին հանուն Արցախի ու Հայաստանի։
«Մենք այսօր ականատեսն ենք լինում, թե ինչպես է պետության շահերին հակառակ գործող մի խմբակ փորձում արժեզրկել մեր տղաների թափած արյունը, նրանց սխրագործությունները համարել հանուն ոչնչի։ Մեր պայքարը նաև դրա դեմ է»,- հայտարարեց պատգամավորության թեկնածուն։
Գրիգորյանն ասաց, որ երկիրն այսօր շնչահեղձ է լինում ատելության ու թշնամանքի մթնոլորտում, որտեղ գործում է «բաժանիր, որ տիրես» սկզբունքը՝ հային հանելով հայի դեմ։ Նա խոստացավ փոխել այս իրավիճակն ու վերականգնել ազգային համերաշխությունը, քանի որ միասնականությունը ժողովրդի ամենակարևոր ուժն է։
Անդրադառնալով ապագայի ծրագրերին՝ Աննա Գրիգորյանը շեշտեց, որ իրենց քաղաքական թիմը հանձնառու է կերտել այնպիսի Հայաստան, որտեղ կրթությունը կլինի ոչ թե հնարավորության հարց, այլ յուրաքանչյուր ուսանողի իրավունք՝ ապահովելով անվճար բարձրագույն կրթություն։ Նա նաև նշեց, որ նպատակ ունեն ստեղծել մի երկիր, որտեղից երիտասարդները չեն մտածի հեռանալու մասին։
Խոսելով անվտանգային խնդիրներից՝ պատգամավորության թեկնածուն արձանագրեց, որ այսօր մարդկանց վախեցնում են պատերազմով։
«Ինչպես յուրաքանչյուր մայր, ես ևս խաղաղություն եմ ուզում։ Բայց խաղաղություն չեն կարող բերել մարդիկ, ովքեր միայն պատերազմ ու պարտություն են բերել։ Ես և մեր թիմը ձեզ խոստանում ենք իրական խաղաղություն ու իրական անվտանգություն՝ հզոր բանակով և արժանապատիվ դիվանագիտությամբ»,- ընդգծեց նա։
Աննա Գրիգորյանը խոստովանեց, որ իշխանափոխությունից հետո հեշտ չի լինելու, և իրենց սպասվում է մեծ ծավալի աշխատանք, ինչի պատճառով ընտանիքը գուցե դարձյալ զգա իր բացակայությունը, բայց դա արվելու է հանուն ապագայի։
«Հայրենիքը չեն սիրում միայն խոսքերով, հայրենիքը սիրում են պատասխանատվությամբ՝ դժվար պահերին լուռ չմնալու, ճշմարտությունը պաշտպանելու և սեփական բաժին պայքարը տանելու համար»,- հայտարարեց նա՝ հավելելով, որ իրենց քաղաքական թիմը պատրաստ է ստանձնել այդ պատասխանատվությունը։