1269 դիտում, 1 ամիս առաջ - 2026-08-10 17:07
Քաղաքական խաղադաշտ

«Զինված ուժերում ողբերգական մահերի դեպքում քաղաքական պատասխանատվություն չի լինում»․ Աննա Գրիգորյան

«Զինված ուժերում ողբերգական մահերի դեպքում քաղաքական պատասխանատվություն չի լինում»․ Աննա Գրիգորյան

«Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը Վիլեն Գաբրիելյանին Պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածության քննարկման ընթացքում անդրադարձավ Զինված ուժերում խաղաղ պայմաններում արձանագրված զոհերին;

«2026 թվականին յոթ ամիսների ընթացքում ոչ մարտական պայմաններում ունեցել ենք ութ մահ, սա ուղղակի խայտառակություն է; Ես ուզում եմ դուք ձեր պատկերացումները ներկայացնեք, թե այս ողբերգական իրավիճակը ոնց կարելի է հաղթահարել։ Ես իհարկե հասկանում եմ, որ լուծումը շատ պարզունակ չէ, ավելի կոմպլեքս լուծումներ են անհրաժեշտ։ Եվ ես ուզում եմ նաև, որ դուք անպայմանորեն խոսեք քաղաքական պատասխանատվության մասին։ Տեսեք, Ազատ գյուղում ողբերգական 15 մահից հետո նույնիսկ որևէ քաղաքական պատասխանատվության դրվագ չի ֆիքսվել, ոչ մի քաղաքական հրաժարական այդ առումով չի եղել։

Մինչդեռ, նախորդ խորհրդարանում դուք ձեր պատգամավորական մանդատը վայր եք դրել, հավանաբար, պատգամավորին ոչ վայել վարքագծի դրսևորման բերումով, դա քաղաքական դիրքավորում էր, քաղաքական պատասխանատվության դրսևորում էր։ Բայց երբ հերթը հասնում է զինված ուժերում ողբերգական մահերի դեպքերին՝ այդ դեպքում քաղաքական պատասխանատվության որևէ դրսևորում չի լինում»,-պնդեց Գրիգորյանը։

Գաբրիելյանն ընդգծեց, որ աաղաքական պատասխանատվության ինստիտուտի մասով Հայաստանի Հանրապետությունում մշտապես «մատների արանքով են նայել», այդ թվում՝ նաև քաղաքականությամբ զբաղվող մարդիկ կամ պետությունը ղեկավարած մարդիկ։ «Այդ հարցը հաճախ բարձրաձայնում ենք, բայց երբ գալիս է պատասխանատվությունը կրելու ժամանակը, այդպես էլ պահը անտեսում ենք։

Բայց մեր խնդիրը նախևառաջ այն չէ, որ ինչ-որ մեկը պատասխանատվություն կրի, մեր խնդիրը նախևառաջ այդ իրավիճակը շտկելն է և նման դեպքերը կանխարգելել է։ Այդ կոնտեքստում մենք պատգամավորի մանդատի շրջանակում հետևողական վերահսկողություն պետք է իրականացնենք»։