«Իշխանություն» լրատվականի փոխանցմամբ՝ «Հայաստան» դաշինքի առաջնորդ, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) վճիռների իշխանական մեկնաբանություններին, Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացման տնտեսական հետևանքներին և Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանությանը:
Մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն այն մասին, թե ՄԻԵԴ վճիռների համաձայն՝ Ռոբերտ Քոչարյանը պետք է երկար տարիներ նստի, երկրորդ նախագահը նշեց, որ գործող վարչապետը պարզապես չի կարդացել այդ փաստաթուղթը կամ դիտավորյալ խեղաթյուրում է իրականությունը:
«Ես կարծում եմ՝ այդ ինքնահռչակ տգետը այդ վճիռը չի կարդացել, իրեն հիմարի տեղ է դնում և չի հասկանում, թե ինչի մասին է խոսքը: Այդ վճիռը վերաբերում է նրան, որ Մարտի 1-ի մահվան դեպքերը մինչ օրս բացահայտված չեն: Եվ այդ վճիռն առաջին հերթին վերաբերում է հենց իրեն՝ Նիկոլ Փաշինյանին, քանի որ ութ տարի ինքն է իշխանության ղեկին, և այդ ընթացքում ոչ մի մահվան դեպք չի բացահայտվել: Ուրիշ բովանդակություն այդ վճռի մեջ չկա»,- ասաց Քոչարյանը:
Նախագահի պնդմամբ՝ նման հայտարարություններով Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ բացահայտ հրահանգ է տալիս դատական համակարգին, ինչը եվրոպական ցանկացած այլ երկրում կհանգեցներ քաղաքական գործչի հրաժարականին:
Անդրադառնալով Ռուսաստանի Դաշնությունից և ԵԱՏՄ կառույցներից ստացվող ազդակներին, գազի ու հացահատակի արտոնյալ գներին և հնարավոր տնտեսական պատժամիջոցներին՝ Ռոբերտ Քոչարյանն ընդգծեց, որ Ռուսաստանն արդեն իսկ անցել է նախազգուշական գործողությունների, ինչի առաջին օրինակը ծաղիկների արտահանման արգելքն է: