360 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-09 14:01
Ի՞նչ է ուզում ժողովուրդը

«Մեր խանութները քանդում են, բայց փոխհատուցում չեն առաջարկում»․ առևտրականները բողոքի ակցիա են իրականացնում

«Մեր խանութները քանդում են, բայց փոխհատուցում չեն առաջարկում»․ առևտրականները բողոքի ակցիա են իրականացնում

Մի խումբ առևտրականներ բողոքի ակցիա են իրականացնում՝ մտահոգություն հայտնելով իրենց խանութների հնարավոր քանդման կապակցությամբ։ Նրանց խոսքով՝ տարիներ շարունակ գործող բիզնեսները փակելու վտանգի առաջ են կանգնել, իսկ քաղաքապետարանի հետ հանդիպում կազմակերպել և խնդրի լուծում գտնել առայժմ չի հաջողվում։

Առևտրականներից մեկն ասաց, որ ձմեռային սեզոնին ընդառաջ արդեն ապրանք են ձեռք բերել՝ դրա համար նաև վարկեր վերցնելով։ Հիմա, նրա խոսքով, խանութների քանդման դեպքում իրենք չեն կարողանա իրացնել ապրանքը և ժամանակին նոր տարածք գտնել։

«Մենք արդեն սեզոնին պատրաստվել ենք, գնումներն արել ենք։ Խնդրել ենք գոնե մինչև տարվա վերջ հետաձգել, որ կարողանանք ձմեռային սեզոնի ապրանքներն իրացնել, հետո նոր խանութ գտնել։ Բայց հստակ պատասխան չենք ստացել»,– ասաց նա։

Առևտրականի խոսքով՝ իրենք քաղաքապետարանի ներկայացուցիչներին դիմել են քաղաքակիրթ ձևով՝ խնդրելով միջնորդել և իրենց հանդիպում կազմակերպել պատասխանատու պաշտոնյաների հետ։ Սակայն, նրա պնդմամբ, խնդիրը մինչ օրս լուծում չի ստացել։

«Մենք ոչ հրով, ոչ թրով, ոչ պլակատներով չենք գնացել։ Ուղղակի քաղաքակիրթ ձևով խնդրանքով դիմել ենք, որ մեր խնդիրը ներկայացնեն վերադասին, և եթե հնարավոր է՝ մեզ ընդունեն կամ լուծում գտնեն»,– նշեց նա։

Բողոքի մասնակիցները պնդում են, որ տարիներ շարունակ աշխատել են՝ ունենալով իրենց տրամադրության տակ համապատասխան փաստաթղթեր։ Նրանց խոսքով՝ նախկին իշխանությունների օրոք տրված փաստաթղթերի հիման վրա իրենք վստահ են եղել, որ իրենց գործունեությունն օրինական է։

«Մեզ ասում են՝ նախկին իշխանություններն են ապօրինի ձևով հողերը տվել, դրա համար էլ քանդում ենք։ Բայց եթե նախկին իշխանություններն են մեզ այս իրավիճակի մեջ գցել, ինչո՞ւ մենք պետք է դրա պատասխանատվությունը կրենք։ Մեզ փաստաթղթեր են տվել, համոզել են, որ ամեն ինչ նորմալ է»,– ասաց առևտրականը։

Նա ընդգծեց, որ իրենք դեմ չեն օրենքով սահմանված կարգով հարցը լուծելուն, սակայն պահանջում են իրենց գույքի համար փոխհատուցում՝ շուկայական արժեքին համապատասխան։

«Մենք ավելին չենք ուզում։ Եթե քանդում են, հարց չկա, բայց ըստ օրենքի՝ փոխհատուցե՛ք մեր գույքը այսօրվա շուկայական արժեքով, որ մենք էլ կարողանանք մի տեղ գնել ու աշխատել։ Օրինակ՝ եթե մեր գույքն արժե 100 հազար դոլար, եկեք քննարկենք, գուցե համաձայնության գանք 80 հազարի շուրջ։ Բայց մեզ ասում են՝ փոխհատուցում չենք տալու, դիմեք դատարան, եթե դատարանը որոշի՝ կվճարենք»,– պատմեց նա։

Առևտրականի հաշվարկներով՝ խանութների քանդումը կարող է անդրադառնալ մոտ 500 ընտանիքի վրա՝ հաշվի առնելով նաև աշխատակիցներին և նրանց ընտանիքներին։ Նա նշեց, որ որոշ ընտանիքներ տարիներ շարունակ իրենց ապրուստը վաստակել են այդ բիզնեսների միջոցով, իսկ հիմա հայտնվել են անորոշ իրավիճակում։

«Մարդիկ 25 տարի աշխատել են, իրենց ստեղծածի վրա են հույս դրել։ Հիմա միանգամից ամեն ինչ կորցնելու վտանգի առաջ են կանգնել։ Մենք աշխատող մարդիկ ենք, հանցագործ չենք։ Ուզում ենք՝ օրենքով հարցը լուծեն և մեր գույքի դիմաց փոխհատուցեն»,– ասաց նա։

Առևտրականները նաև նշում են, որ իրենց տեղեկություններով՝ խանութների մի մասը կարող է չքանդվել, սակայն պատասխանատու մարմիններից ստացած տեղեկությունները հակասական են։ Նրանք պահանջում են հստակեցնել՝ որ կառույցներն են ենթակա քանդման, և ինչ լուծում է առաջարկվում իրենց բիզնեսների սեփականատերերին։