Հայաստանի պատմության ընթացքում սա առաջին դեպքն է, երբ Սահմանադրական դատարանում խախտումների ազդեցությունը ընտրությունների ելքի վրա մաթեմատիկորեն ապացուցված է։
«Իշխանություն» լրատվականի փոխանցմամբ՝ այս մասին այսօր , Սահամանադրական դատարանի դիմաց հայտարարեց «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Օրբելյանը։
Նրա խոսքով՝ եթե նախկինում ընտրական վեճերի ժամանակ հիմնավորումները հիմնականում տեսական էին, և քննարկվում էր՝ արդյոք խախտումներն ազդել են արդյունքների վրա, թե ոչ, ապա այժմ կան հստակ հրապարակված թվեր։
Արամ Օրբելյանը պարզաբանեց, որ վերահաշվարկի արդյունքում հրապարակված թվերով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հավաքել էր 4%-ից ավել ձայն, ինչը բավարար էր խորհրդարան անցնելու համար։ Սակայն, դրանից հետո հանկարծակի երկու ընտրատեղամասերի արդյունքներ անվավեր ճանաչվեցին, ինչի հետևանքով ԲՀԿ-ին ԱԺ անցնելու համար չհերիքեց ընդամենը 153 ձայն։
«ՍԴ ներկայացրած մեր դիմումով պահանջել ենք անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները։ Օրենքով Սահմանադրական դատարանը կարող է կայացնել երեք հնարավոր որոշումներից մեկը, որոնցից մենք պահանջել ենք երկուսը»,- ասաց նա։
Վերջինիս խոսքով՝ իրենք պահանջել են կա՛մ ընտրությունների արդյունքներն ամբողջական անվավեր ճանաչել և վերաքվեարկություն իրականացնել, կա՛մ մանդատները բաշխել այլ կարգով։
«Եթե ՍԴ-ն գտնի, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իրավասու չէր անվավեր ճանաչել այդ երկու տեղամասերի արդյունքները, ապա պետք է կիրառվի ձայների այլ բաշխում։ Այդ դեպքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կստանա 4 կամ 5 մանդատ»,- ասաց նա։
Օրբելյանն անդրադարձավ նաև այն տեսակետին, թե ՍԴ դիմելով ընդդիմադիր ուժերը լեգիտիմացնում են ընտրությունների կանխատեսելի արդյունքները։
«Լեգիտիմությունը քաղաքագիտական և քաղաքաիրավական կատեգորիա է։ Նույն տրամաբանությամբ կարելի էր պնդել՝ չմասնակցենք ընտրություններին կամ ԿՀՆ նիստերին։ Բայց քանի որ գործող Սահմանադրության շրջանակներում այլ իրավական ընթացակարգեր առկա չեն, մենք այս պահին այլ հրատապ իրավական գործընթաց չենք տեսնում։ Սա ևս մեկ շանս է իրավիճակը կարգավորելու համար»,- ասաց նա։