Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանում այսօր շարունակվեց Հովհաննես Հունանյանի հողի գործով դատական նիստը:
Վերջինիս ներկայացուցիչները երկրորդ անգամ ինքնաբացարկի միջնորդություն էին ներկայացրել դատավոր Սարգիս Երիցյանին՝ գործը ոչ օբյեկտիվ և կանխակալ քննելու հիմքով: Դատավորը մերժեց ինքնաբացարկի միջնորդությունը և նիստը հետաձգեց:
Հիշեցնենք՝ այս գործը նրա վարույթում է դեռևս 2023 թ. -ից: Հողի իրական սեփականատեր Հովհաննես Հունանյանը մտահոգված է՝ Դավթաշենում գտնվող իր ընտանիքին պատկանող 500 քառակուսի մետր հողատարածքը փորձում են խլել իրենցից:
Նույն հողի համասեփականատեր Մարիամ Համբարձումյանը «Իշխանություն» լրատվականի հետ զրույցում դժգոհեց դատական գործընթացից, վստահեցնելով, որ դատավորի մոտեցումը կողմնակալ է ու ոչ օբյեկտիվ։
«Ես մտածում եմ, որ օբյեկտիվ չեն մոտենում այս գործին։ Մեր գնած հողը, մեր քրտինքով առած հողը ո՞նց կարելի է վերցնել ու մեկ ուրիշին նվիրել, ո՞նց կարելի է։ Դատավորին ցույց ենք տալիս վկայականը, որ հողն իմն է, բայց նա չի ընդունում։ Օբյեկտիվորեն չի մոտենում այդ հարցին, ասում է՝ գնացեք։ Բայց չէ՞ որ փաստաթուղթերով հողը մերն է»,- ասում է Տիկին Մարիամը։
Նրա խոսքով՝ ինքն ու ամուսինը ողջ կյանքում աշխատել են պետության համար։ Այսօր, երբ ամուսինն այլևս կենդանի չէ, ինքը ստիպված է որդիների հետ միասին միայնակ պայքարել սեփականության իրավունքի պաշտպանության համար։
«Այսօր ուզում են իմ հողն իմ ձեռքից առնել, ինչի՞ համար։ Զարմանում եմ՝ ինչո՞ւ են ուզում իմ հողը տալ մեկ այլ անձնավորության, չեմ հասկանում պատճառը։ Այդ անձնավորությունը բիզնեսով է զբաղբում, շատ ունևոր է ու կարողանում է, ինչպես ասում են, ճանկել հարևանի քրտինքը։ Ո՞նց կարելի է»,- ասում է նա։
Քաղաքացին շեշտում է, որ իր համար չափազանց դժվար է միայնակ պայքարելը, սակայն նահանջելու միտք չունի․«Այս երկրում պետք է պաշտպանեն մարդու իրավունքները։ Ինչպես ուրիշ երկրներում են պաշտպանում, այնպես էլ պիտի մեր երկրում պաշտպանեն»։
Եթե դատական ճանապարհով հարցը արդար լուծում չստանա, տիկին Համբարձումյանը մտադիր է անձամբ դիմել Նիկոլ Փաշինյանին։
«Ես պիտի գնամ, մոտենամ Նիկոլ Փաշինյանին, ներկայացնեմ իրավիճակը և այս հարցը կարգավորեմ։ Չի կարելի այսպես շարունակել։ Ինչպե՞ս կարելի է նման կերպ վարվել մարդու հետ, չէ՞ որ կադաստրով իրավունքն իմն է։ Ինչո՞ւ պիտի հողն իմ ձեռքից առնեն»,- նշում է Տիկին Մարիամը։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Իշխանություն» լրատվականը, քաղաքացի Հովհաննես Հունանյանի պնդմամբ՝ տվյալ հողատարածքը փաստաթղթերով պատկանել է իր հորը։ 2021 թվականին՝ վերջինիս մահից հետո, գույքը ժառանգության իրավունքով անցել է ընտանիքի անդամներին, որոնք էլ ստացել են սեփականության նոր վկայական։
Սակայն, քաղաքացին նշում է, որ սեփականության պետական վկայական ունենալով հանդերձ՝ այսօր չի կարողանում օգտվել իր հողատարածքից և անգամ մուտք գործել այնտեղ։
Նրա խոսքով՝ հողամասին կից «Ռետրոշին» ընկերությունը բազմաբնակարան շենք է կառուցել՝ խախտելով շինարարական նորմերը և ներխուժելով իր տարածք։
Ըստ Հունանյանի՝ կառուցապատողը զբաղեցրել է ավելի քան 7 քառակուսի մետր իր սեփականությունից։
Քաղաքացու պնդմամբ՝ գործընթացում առանցքային դեր ունի Լևոն Ավետիսյանը, որը երկու տարի առաջ իր հողատարածքում, առանց շինթույլտվության, ապօրինի քարե շինություն է կառուցել (դատական գործ՝ ԵԴ/26924/02/23)։
Հունանյանը համոզված է, որ հենց Լեւոն Ավետիսյանի միջոցով են փորձում կասկածի տակ դնել իր սեփականության իրավունքը և աստիճանաբար ամբողջ հողատարածքը վերցնել իրենց վերահսկողության տակ, որպեսզի հետագայում այն օգտագործվի «Ռետրոշին» ընկերության նոր կառուցապատման ծրագրերի համար։