1443 դիտում, 3 ամիս առաջ - 2026-07-16 13:30
Քաղաքական խաղադաշտ Գործարար աշխարհ

Հայաստանը սահմանել է ԵՄ երկրներ ձուկ և ձկնամթերք արտահանելու կարգը

Հայաստանը սահմանել է ԵՄ երկրներ ձուկ և ձկնամթերք արտահանելու կարգը

«Հայաստանի Հանրապետությունը Եվրոպական հանձնաժողովի կողմից պաշտոնապես թույլտվություն է ստացել ԵՄ երկրների հայկական արտադրության սառեցված ձուկ եւ վերամշակված ձուկ, ինչպես նաեւ ձկնամթերք արտահանելու հնարավորության վերաբերյալ։ Դա 2025 թվականին էր, եւ 2026 թվականին, ըստ էության, եվրոպական սննդի անվտանգության համակարգը ներկայացնող մարմինը ՀՀ-ին փոխանցեց, թե ինչպիսի ընթացակարգեր ու ինչպիսի պահանջներ են պետք։ Այս ընթացքում բավականին աշխատանք է արվել, եւ այսօր մենք այդ աշխատանքն, ըստ էության, ավարտում ենք»,- կառավարության այսօրվա նիստում ասաց էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը։

Կառավարությունն այսօր ընդունեց Հայաստանի Հանրապետությունից Եվրոպական Միության երկրներ ձկան կամ ձկնամթերքի արտահանման նպատակով առևտրի վերահսկման եւ փորձագիտական համակարգում տնտեսավարող սուբյեկտի գրանցման, գրանցումը դադարեցնելու եւ առողջության սերտիֆիկատ տալու կարգը հաստատելու մասին, ինչպես նաեւ Եվրոպական միության առեւտրի վերահսկման եւ փորձագիտական համակարգում գրանցման համար ձկնաբուծական տնտեսություններին կամ ձկնամթերքի արտադրական կազմակերպություններին կամ ձկան կամ ձկնամթերքի պահպանում իրականացնող կազմակերպություններին ներկայացվող պահանջները հաստատելու մասին որոշումները։ Պապոյանն ասաց, որ սա ռազմավարական կարեւոր քայլ է դեպի ԵՄ շուկա հայկական արտադրանքի արտահանման նոր հնարավորությունների ստեղծման ճանապարհին եւ պայմանավորված է արտահանման գործընթացի համար անհրաժեշտ իրավական հիմքերի ապահովմամբ։ «ԵՄ երկրներ արտահանելու համար պարտադիր պայման է հանդիսանում ձկնաբուծական տնտեսությունների կամ ձկնամթերքի արտադրական կազմակերպություններ, կամ ձկնամթերքի պահպանումն իրականացնող կազմակերպությունների՝ ԵՄ առեւտրի վերահսկման եւ փորձագիտական համակարգում գրանցված լինելը, ինչպես նաեւ ԵՄ տեխնիկական կանոնակարգերին ու չափանիշներին համապատասխանությունը։ Համաձայն ԵՄ օրենսդրության՝ այդ համակարգում կազմակերպությունների գրանցումը պետք է իրականացվի տվյալ երկրի լիազոր մարմնի կողմից։ Մեր դեպքում որպես լիազոր մարմին սահմանել ենք Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։ Սահմանվում է գրանցման բավականին պարզ, թափանցիկ եւ միջազգային պահանջներին համապատասխան ընթացակարգ։ Այսինքն՝ մենք վերցրել ենք այն ընթացակարգը, ինչը ԵՄ-ում կա եւ ամբողջապես տեղակայել ենք հայկական իրականության մեջ։ Ուզում եմ նաեւ ուրախությամբ նշել, որ ներկայումս ԵՄ երկրներ արտահանելու նպատակով արդեն իսկ փաստացի 5 ընկերություն ցուցաբերել է հետաքրքրություն եւ սպասում է մեր որոշմանը։ Այսինքն՝ այն ստանդարտները, որոնք համապատասխանում են ԵՄ պահանջներին, այս պահին արդեն 5 ընկերություն ներդրել է։ Եվ այս որոշումների ընդունմամբ այդ ընկերություններին հնարավորություն կտրվի արդեն սկսել ձուկ եւ ձկնամթերք արտահանել ԵՄ երկրներ՝ նվազեցնելով կախվածությունը մեկ արտահանման շուկայից, դիվերսիֆիկացնելով մեր արտահանումը։ ԵՄ ստանդարտների ներդրումը նաեւ կխթանի տեղական արտադրության արդիականացումը եւ կբարձրացնի սննդամթերքի անվտանգությունն ընդհանուր մակարդակում»,- նշեց Պապոյանը։ Նա ներկայացրեց նաեւ ընթացակարգերը, որոնցով պետք է անցնեն տնտեսվարողները՝ ԵՄ արտահանում իրականացնելուց առաջ։