Այս պահի դրությամբ շատ են դեպքերը, երբ բժշկական հաստատությունների, մասնավորապես՝ «Արմեդ» համակարգի հետ ինտենսիվ կապի բացակայությամբ պայմանավորված, շարունակում ենք վարելու իրավունք տալ այն անձանց, որոնք թմրաբանական կամ հոգեբուժական հաստատություններում հաշվառում ունեն։ Այժմ երաշխավորում ենք ավտոմատ փոխգործակցություն. անգամ եթե քաղաքացին չի գալիս հաշվառման-քննական ստորաբաժանում, «Արմեդից» ստացված ազդակը հիմք է հանդիսանալու վարորդական իրավունքի դադարման համար«Իշխանություն» լրատվականի փոխանցմամբ՝ այս մասին այսօր կառավարության նիստի ժամանակ հայտարարեց Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը՝ ներկայացնելով հաշվառման-քննական ծառայությունների և վարորդական իրավունքի տրամադրման ոլորտում առաջարկվող արմատական փոփոխությունների փաթեթը։
Նախարարը նշեց, որ վերջին տարիներին մեծացել է հաշվառման-քննական ծառայությունների դիմելիությունը, ինչի պատճառով սահմանված 1 տարի ժամկետը հաճախ բավարար չի լինում գործնական քննությունը հանձնելու կամ ավտոդպրոցներում ուսումնառությունն ավարտելու համար։
«Նախատեսում ենք, որ մեկ տարվա փոխարեն քաղաքացիները կկարողանան երկու տարի պահպանել տեսական քննության դրական արդյունքը և ազատ հերթագրվել գործնական քննության համար։ Բացի այդ, փոփոխվում են հարցաշարերը։ Եթե այսօր թեթև մարդատար մեքենայի քննության մեջ ներառված են ավտոբուսների վարմանը վերաբերող հարցեր, ապա այսուհետ հարցաշարերը դարձնում ենք շատ ավելի իդենտիկ՝ կոնկրետ կարգին և ենթակարգին բնորոշ»,- ասաց նա։
Այս փոփոխությունն ուժի մեջ է մտնելու սեպտեմբերի 1-ից, որպեսզի թվային համակարգերը հասցնեն ադապտացվել։
Հաջորդ կարևոր փոփոխությունը վերաբերում է վարորդական իրավունքից զրկված անձանց իրավունքների վերականգնման նոր մոդելին, որն ուժի մեջ է մտնելու արդեն հուլիսի 6-ից։ Այն անձինք, ում զրկման ժամկետն ավարտվել է, կարող են օնլայն հարթակով հերթագրվել, վճարել 50,000 դրամ պետական տուրքը և առանց նոր քննություն հանձնելու վերականգնել իրավունքը։