Հոկտեմբերի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի Փասադենայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու ուխտավորներին՝ առաջնորդությամբ համայնքի հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ. Սարգիս ավագ քահանա Պետոյանի։
Նորին Սրբությունն իր հայրական օրհնությունը բերեց ուխտավոր հայորդիներին և գնահատանք հայտնեց Տեր Սարգիս քահանային՝ դեպի հայրենիք ուխտագնացություններ կազմակերպելու բարի ավանդույթը հետևողականորեն պահպանելու համար։ Այս առնչությամբ Վեհափառ Հայրապետը կարևորեց Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին նման այցելությունները, որոնք հնարավորություն են ընձեռում սփյուռքի հայորդիներին առավել մոտիկից ծանոթանալու հայրենական կյանքին ու առկա մարտահրավերներին, հայրենի սրբություններից ոգեշնչվելու և նորոգված հավատքով ու հայրենասիրական ոգով առավել զորացնելու համայնքային կյանքը և իրենց կարելի նպաստը բերելու հայրենիքի ու հայ ժողովրդի բարօրությանը։
Վերջում Հայոց Հովվապետը պատասխանեց նաև ուխտավորների հարցերին, որոնք վերաբերում էին Հայոց Եկեղեցու կրթական ծրագրերին, հոգևրականների պատրաստությանը և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ընթացիկ գործունեությանը։