Կան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողքին մնացած հոգևորականներ, և կան կճոյանականներ։ Այս մասին գրում է բժիշկ Գևորգ Թամամյանը։\n«Բաց նամակ\nՆորին Սուրբ Օծություն\nՏեր Տեր Գարեգին Բ\nԿաթողիկոս Ամենայն Հայոց\nՎեհափառ Տեր,\nԱյս պահին, երբ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին գտնվում է թշնամու հարձակման տակ, համոզված եմ, պետք են ոչ ստանդարտ քայլեր։
\nԹող սա չդիտվի որպես խորհուրդ տալու հանդգնություն, ստորև ներկայացնում եմ որոշ առաջարկներ, որոնք, համոզված եմ, կարող են առավել ուժեղացնել Հայ Եկեղեցին։\nԻմ և շատ-շատերի համար ամենամեծ մեղքը հանդիսանում է դավաճանությունը։\nԴիմում եմ Ձեզ օր առաջ կարգալույծ անել բոլոր դավաճան հոգևորականներին՝ առաջին հերթին հայտնի խմբակին՝ կճոյանականներին։\nՋրբաժանը գծված է, ամեն ինչ պարզից էլ պարզ է, կան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողքին մնացած հոգևորականներ, և կան կճոյանականներ։\nՎերջիններս պետք է օր առաջ զատվեն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուց։ Եվ թող ժողովուրդն էլ որոշի՝ լինել Մայր Աթոռի կողքին կամ դառնալ կճոյանական։\nՐոպե առաջ կարգել նոր եպիսկոպոսներ և արքեպիսկոպոսներ։ Բազմաթիվ են պատվարժան և հայրենասեր հոգևորականները, որոնք կարող են ստանձնել այդ պատասխանատվությունը և արդեն նոր կարգավիճակով կանգնել եկեղեցու և ժողովրդի կողքին։\nՄիաժամանակ, առաջարկում եմ վերանայել վաղուց հայտնի կարգը, որ արգելում է քահանաներին դառնալ եպիսկոպոս, և բազմաթիվ պատվարժան քահանաներից ևս կարգել եպիսկոպոսներ։
Դրանով իսկ նաև վերանայել կուսակրոնության արգելքը՝ եպիսկոպոսների համար։ Եթե Գրիգոր Լուսավորիչը ունեցել է որդիներ, ապա ինչու մնացածը չպետք է ունենան։ Վաղուց ժամանակն է։\nՄեղքերի թողություն տալ ներկայումս եկեղեցու շուրջ բոլոր հոգևորականներին, դրանով թույլ չտալով թշնամուն որևէ ձևով փորձել ազդել նրանցից որևէ մեկի վրա։\nԻնչպես Քրիստոսը ներեց մեղավորներին, մեղքերի թողություն տվեք բոլորին։
Այն ամենը ինչ կատարվեց Արշակ Սրբազանի շուրջ, չպետք է կրկնվի։\nՉնայած Արշակ Սրբազանը կարողացավ դիմակայել թշնամուն, իր վրա վերցնելով այդ հարվածը, չկոտրվելով տարբեր շանտաժների դեմ, պետք չէ թույլ տալ, որ դա կրկնվի այլոց հանդեպ։\nԵվ վերջում, Վեհափառ Տեր, ուղիղ խոսեք հայ ժողովրդի հետ։ Կոնկրետ ինձ համար, նույնիսկ եթե երեխա ունենալու այդ խոսակցությունը ճիշտ է, դա չունի ոչ մի նշանակություն։\nԵրեխա ունենալուց ավելի պայծառ բան գոյություն չունի աշխարհում և դա երբևէ չպիտի համարվի մեղք։
Նույնիսկ, եթե դա արգելված է Հայ Առաքելական Եկեղեցու կանոնագրքով, ապա ինչպես նշեցի վերևում, կանոնագիրքը վերանայելու ժամանակն է, և ով դա կարող է անել, եթե ոչ հենց Վեհափառ Հայրապետը։\nՔրիստոնեությունը բարության մասին է, քրիստոնեությունը ներելու մասին է։ Խոսեք ժողովրդի հետ, ինչպես Դուք եք շատերին մեղքերի թողություն տալիս, Ձեր մեղքերի թողությունը խնդրեք ժողովրդից և ժողովուրդը կմիավորվի Ձեր շուրջը։\nՁեզ տրված է այդ պատմական հնարավորությունը ամբողջությամբ վերափոխելու Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին և, այս ամենից, Եկեղեցին առավել հզորացած է դուրս գալու»,- գրել է նա։