«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Շիրազ Մանուկյանը գրել է.
Մշակութային ժառանգությունը՝ Հայաստանի ռազմավարական ներուժ
Այսօր աշխարհի կինոփառատոններում արդիական թեմա պետք է դառնա հազարամյակների պատմություն ունեցող հայկական մշակույթը՝ գրավելով կինոարտադրողների ուշադրությունը։ Դրա համար անհրաժեշտ է մեծ, հետևողական և նպատակային աշխատանք՝ մեր մշակութային ժառանգությունը համաշխարհային կինոյի միջոցով ներկայացնելու ուղղությամբ։
Պատկերացրե՛ք մի պահ, երբ հայկական մշակույթն այնքան մեծ ներկայություն ունենա աշխարհում, որ դրա մասին խոսեն ամենուր, իսկ Ադրբեջանը ստիպված լինի ամեն քայլափոխի առերեսվել հայկական պատմական հետքի հետ։
Այսօր պետության ուժը չափվում է ոչ միայն նրա բանակով կամ տնտեսությամբ, այլև նրանով, թե որքանով է նա կարողանում ազդել աշխարհի մտածողության, հանրային կարծիքի և որոշումների վրա։ Իսկ մշակույթը նման ազդեցություն ունենալու կարևոր գործիքներից մեկն է։
Պատկերացնենք մի երկիր, որի պատմական հուշարձանների կամ մշակութային արժեքների ոչնչացման վտանգը միջազգային հանրությանը հայտնի չէ։ Եթե այդ երկրի մշակութային կառույցները, գիտնականները, արվեստագետներն ու դիվանագետները կարողանան փաստերով ներկայացնել խնդիրը, այն կարող է հայտնվել միջազգային կազմակերպությունների օրակարգում, առաջացնել հանրային արձագանք և նպաստել պաշտպանական միջոցների կամ քաղաքական հայտարարությունների ընդունմանը։ Այսինքն՝ մշակութային ժառանգության մասին գիտելիքը կարող է վերածվել միջազգային աջակցության և քաղաքական ճնշման։
Հայաստանի համար սա հատկապես կարևոր է։ Մեր եկեղեցիները, վանքերը, խաչքարերը, ձեռագրերը, երաժշտությունը և գրականությունը պարզապես անցյալի հուշեր չեն։ Դրանք պատմում են հայ ժողովրդի պատմության, ինքնության և տարածաշրջանի մշակութային զարգացման մեջ ունեցած ներդրման մասին։
Պետք է մշակույթը դիտարկել ոչ թե որպես երկրորդական ոլորտ, այլ որպես կրթության, զբոսաշրջության, տնտեսության և արտաքին քաղաքականության հետ կապված ռազմավարական ուղղություն։