396 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-15 15:51
Քաղաքական խաղադաշտ

«Մտածում են, որ չեմ խոսելու իրենց կոռուպցիայից ու թալանից, բայց սխալվում են»․ Մեսրոպ Մանուկյան

«Մտածում են, որ չեմ խոսելու իրենց կոռուպցիայից ու թալանից, բայց սխալվում են»․ Մեսրոպ Մանուկյան

Շինարարների փողոցում քանդում են «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանի աներոջը պատկանող բենզալցակայանը։
 

«Իշխանություն» լրատվականի հետ զրույցում Մանուկյանը պնդել է, որ բենզալցակայանի ապամոնտաժման համար իրավական հիմքեր չկան՝ տեղի ունեցողը որակելով որպես սեփականության իրավունքի խախտում։

«Ես առավել քան վստահ եմ, որ չկա որևէ իրավական հիմք»,– նշել է պատգամավորը։

Մանուկյանի խոսքով՝ տեղի ունեցածը կարող է պայմանավորված լինել իր նկատմամբ վերաբերմունքով։

«Իրենց կարծիքով՝ վատություն ասեմ, վրեժխնդրություն ասեմ, ի՞նչ ասեմ։ Մտածում են, որ չեմ խոսելու իրենց կոռուպցիայից ու թալանից։ Իրենց խնդիրը դա ա, բայց սխալվում են։ Իրենք ապօրինի ձևով գնացել էդ մարդու բիզնեսը փակում են, էդքան բան»,– ասել է Մանուկյանը։

Անդրադառնալով բենզալցակայանի ապամոնտաժման իրավական հիմքերին՝ պատգամավորը նշել է, որ տեղյակ չէ համապատասխան մարմինների ընդունած որոշման մանրամասներին՝ ընդգծելով, որ բենզալցակայանն իրեն չի պատկանում։

Միաժամանակ Մանուկյանը պնդել է, որ բենզալցակայանը գործել է օրինական հիմքերով և ունեցել է գործունեության համար անհրաժեշտ փաստաթղթերը։ Նրա խոսքով՝ թույլտվությունների ժամկետը գործում է մինչև 2028-2029 թվականը։

Թեմային անդրադարձել էր նաև ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Նա ֆեյսբուքյան իր էջում, անդրադառնալով Մեսրոպ Մանուկյանի՝ բենզալցակայանի շուրջ տեղի ունեցած միջադեպին, գրել էր․ «Փեսան Մանուկյան Մեսրոպի (Հայաստան խմբակցություն) նման կլինի։ Տեսա՞ք՝ աներոջ քանդման ենթակա բենզալցակայանի համար ինչ կռիվ տվեց»։

Հիշեցնենք, որ Շինարարների փողոցում մայթերն ազատելու նպատակով կրպակների և խանութների ապամոնտաժման աշխատանքները մեկնարկել էին դեռևս հոկտեմբերի 12-ին։ Գործընթացն ուղեկցվել էր լարված իրավիճակով և կրպակատերերի դժգոհությամբ։ Ապամոնտաժման աշխատանքների ընթացքում վեճ էր ծագել նաև Մեսրոպ Մանուկյանի և Աջափնյակի վարչական շրջանի ղեկավար Սերոբ Սարգսյանի միջև։ Ավելի ուշ Սարգսյանը հայտարարել էր, որ Մանուկյանի աներոջ բենզալցակայանը ևս ենթակա է քանդման՝ պնդելով, որ այն կառուցված է մայթի տարածքում։ Մանուկյանն իր հերթին պնդել է, որ բենզալցակայանն օրինական է և ունի անհրաժեշտ փաստաթղթերը։

Հարությունյան Մարգարիտա