ԵԱՏՄ անդամ երկրները, միջազգային իրավունքին համապատասխան, կարող են որոշում ընդունել ժամանակավորապես դադարեցնելու Հայաստանի մասնակցությունը միությանը՝ հաշվի առնելով Երևանի գործողություններից բխող ռիսկերը, հետևում է Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամների զեկույցից:
Ռուսաստանից, Բելառուսից, Ղազախստանից և Ղրղզստանից Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամները ներկայացրել են զեկույց Հայաստանի նկատմամբ Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի գործողության դադարեցման հնարավոր հետևանքների մասին։
Զեկույցում նշվում է, որ Հայաստանում այնպիսի օրենքի ընդունումը, որը նորմատիվ կերպով ամրագրում է ԵՄ-ին միանալու ուղղությամբ աշխատանքների մեկնարկը, ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ գործունեության նպատակների հասնելիության համար, որոնք սահմանված են Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրով։
Երևանի գործողությունները թույլ չեն տա բարենպաստ պայմաններ ստեղծել Միության կողմից իր գործառույթների իրականացման համար և զերծ մնալ այնպիսի միջոցներից, որոնք ընդունակ են սպառնալիքի տակ դնել Միության նպատակների իրագործումը, ինչպես դա ամրագրված է ԵԱՏՄ մասին պայմանագրի 3-րդ հոդվածում։
«Նման պայմաններում 2014 թվականի մայիսի 29-ի Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի մյուս կողմերը, միջազգային իրավունքի համընդհանուր ճանաչված նորմերին ու հիմունքներին և, մասնավորապես, 1969 թվականի մայիսի 23-ի Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին Վիեննայի կոնվենցիայի դրույթներին համապատասխան, իրավունք ունեն համատեղ որոշում ընդունել Հայաստանի Հանրապետության նկատմամբ 2014 թվականի մայիսի 29-ի Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի գործողության ժամանակավոր դադարեցման մասին»,- ասվում է զեկույցում։