Որևէ մեկի նկատմամբ որևէ ճնշում թույլատրելի չէ և դատապարտելի է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Սահմանադրական դատարանի նախագահ Արման Վարդանյանը՝ պատասխանելով դատավորի ընտրության վերաբերյալ հարցին։
Լրագրողները հետաքրքրվել են, թե ինչպես է դատավորը կողմնորոշվել ընտրության ժամանակ՝ հաշվի առնելով, որ առաջին անգամ նրա թեկնածության վերաբերյալ որոշումը չի ընդունվել, ինչպես նաև հարցրել են՝ արդյոք հնարավոր են եղել ճնշումներ։
Ի պատասխան՝ Վարդանյանը նշել է, որ իրենք ներկայացրել են համապատասխան ծրագրեր և առաջադրվել տվյալ պաշտոնում, իսկ դատարանն իր որոշումը կայացրել է գաղտնի քվեարկությամբ։
«Գաղտնի քվեարկությամբ ես եմ ընտրվել»,– ընդգծել է նա։
ՍԴ նախագահը նաև նշել է, որ յուրաքանչյուր ոք իրավունք ունի ներկայացնելու իր կարծիքը, իսկ ինքը, գտնվելով երդման ներքո, պարտավոր է առաջնորդվել Սահմանադրությամբ։