369 դիտում, 8 ամիս առաջ - 2025-12-23 12:38
Օրենքի դաշտում

Կառավարությունը «գցե՞լ» է գյուղացիներին. խաղողը հանձնել են՝ գումարը չեն ստացել

Կառավարությունը «գցե՞լ» է գյուղացիներին. խաղողը հանձնել են՝ գումարը չեն ստացել

Վայոց Ձորի մարզի Աղավնաձոր համայնքի բնակիչները ահազանգել են «Իշխանություն» լրատվականին՝ բարձրաձայնելով տարիներ շարունակ չլուծվող մի խնդիր, որը գյուղացիներին կանգնեցրել է ֆինանսական փակուղու առաջ։

Նրանց խոսքով՝ 2013 թվականից ի վեր խաղողի մթերման գործընթացը վերածվել է անվերջ սպասման, պարտքերի և անորոշության շղթայի։  Խաղողագործ Նարեկ Ասատրյանը պատմում է, որ դեռ հոկտեմբերին Արենի տեսակի խաղող են հանձնել «Վեդի Ալկո» ընկերությանը, սակայն մինչ օրս գումարները չեն ստացել։

«Գյուղի մոտ 90 տոկոսը մինչ այս պահը որևէ լումա չի ստացել։ Ամենաուշը՝ նոյեմբերի վերջին պետք է վճարեին։ Ընկերությունն ասում է՝ պետությունը պետք է սուբսիդավորի, գումարները փոխանցի, նոր վճարեն», — նշում է խաղողագործը։

Խոսքը շուրջ1000 տոննա խաղողի մասին է, որի դիմաց գյուղացիները դեռ սպասում են իրենց արդար վարձատրությանը։

Նարեկ Ասատրյանի  խոսքով՝ խնդիրը միայն ուշացած վճարումները չեն։ Խաղողի մթերման գինը՝ 220 դրամը, նրանց համոզմամբ, ծայրահեղ ցածր է և չի արտացոլում իրական ծախսերը։

«Ինքնարժեքը հաշվարկել եմ՝ 155-165 դրամ է ստացվում։ Մնում է ընդամենը մոտ 40 դրամ, այն էլ՝ բոլոր ռիսկերի ու քրտնաջան աշխատանքի հաշվին։ Ծախսերը գյուղացին է անում, շահույթ գրեթե չի մնում», — ասում է զրուցակիցս։

Ստեղծված իրավիճակն արդեն լուրջ սոցիալական հետևանքներ է թողնում համայնքում։

«Արդեն երեք ընտանիք ունենք, որոնք ստիպված գյուղատնտեսական վարկ են վերցրել՝ հինը փակելու համար», — նշում է Նարեկը։

Գյուղացիները պնդում են, որ թե՛ «Վեդի Ալկո» ընկերությունը, թե՛ Աղավնաձորի համայնքապետարանը վստահեցրել էին՝ վճարումները կկատարվեն մինչև դեկտեմբերի 15-ը, սակայն այդ խոստումները այդպես էլ մնացել են չկատարված։

Մարզպետարանի տվյալներով՝ այս տարվա մթերման ընթացքում յուրաքանչյուր խաղողագործ 1000 քմ-ից պետք է հանձներ 1 տոննա խաղող, իսկ մթերման գինը մնացել է անփոփոխ՝ չնայած արտադրական ծախսերի կտրուկ աճին։  Աշխատուժը թանկացել է, դեղորայքն ու պարարտանյութը՝նույնպես, սակայն գինը տարիներ շարունակ նույնն է մնում։ Խնդիրները խորանում են, իսկ գյուղացին հայտնվում է փակուղու առաջ։

«Մի մասը արդեն մտածում է հաջորդ տարի այգիները քանդելու մասին։ Գյուղացու հույսը հողն է, իր քրտինքով աճեցրած բերքը, բայց երբ դրա արդյունքը չի ստանում՝ ի՞նչ անի», — ասում է խաղողագործը։

Նոր տարին մոտենումէ, իսկ Աղավնաձորի գյուղացիները այն դիմավորում են պարտքերի, անորոշության և կոտրված սպասումների մեջ։

Էկոնոմիկայի նախարարությունից «Իշխանությանը» պարզաբանեցին, որ դեկտեմբերի 24-ին բյուջետային երաշխիքը կփոխանցվի «Վեդի Ալկո» ընկերությանը։ Նույն օրն էլ խաղողագործները կստանան իրենց բերքի գումարները։