«Իշխանություն» լրատվականի փոխանցմամբ՝ Աջափնյակ վարչական շրջանում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Գոռ Սարգսյանը հայտարարեց, որ գործող իշխանությունը չարիք է հայ ժողովրդի և Արցախի համար, իսկ նրանց խոստացած խաղաղությունը բերեց միայն նոր կորուստներ։
«2021 թվականին Նիկոլ Փաշինյանը մուրճը ձեռքին խոստանում էր խաղաղություն, իսկ մեզ պիտակավորում որպես «պատերազմ բերողներ»։ Արդյունքում՝ Ադրբեջանը հարձակվեց Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա, գրավեց Երևանի չափ տարածք ու այնտեղ ամրացավ։ Իսկ այսօր նա քարտեզը դարձրել է բուկլետ ու պտտվում է քաղաքներով։ Նրա օրոք Արցախը հայաթափվեց, ինչը պատմական փաստ է, որից նա չի կարող փախչել»,- նշեց նա։
Գոռ Սարգսյանն անդրադարձավ նաև Կիրանցում տեղի ունեցածին՝ այն որակելով որպես միակողմանի հանձնում։
«Աշխարհում չկա դելիմիտացիայի այնպիսի օրինակ, երբ թշնամին գրավում է քո տարածքը, իսկ դու դրանից հետո մի քանի կիլոմետր այն կողմ միակողմանի զիջումներ ես անում։ Նիկոլ Փաշինյանի «խաղաղությունը» նման է այն անեկդոտին, երբ սատանան ասում է՝ մինչև հարմարվեցի՝ հարսանիքը վերջացավ։ Նա հինգ տարի հարմարվեց, մինչև Արցախը հանձնեց»,- ասաց Գոռ Սարգսյանը։
Պատգամավորի թեկնածուն շեշտեց, որ ի տարբերություն իշխանության ներկայացուցիչների, իրենք գիտեն խաղաղության իրական գինը և ժողովրդին պատերազմով չեն վախեցնում։