1788 դիտում, 4 ամիս առաջ - 2026-05-23 12:33
Օրենքի դաշտում

Արձակուրդի մեջ գտնվող Նիկոլ Փաշինյանը գործ կարելու ապօրինի հրամաններ է տալիս. Ստեփանյան

Մենք ամիսներ շարունակ տեսնում ենք, թե ինչպես է այս դատարանը վերցրել նախընտրական շտաբի գործունեությունը։ Այստեղ գործում է մի դատավոր, որն առանց աչքը թարթելու կայացնում է տարբեր ապօրինի որոշումներ և գործում է որպես «Քաղաքացիական պայմանագրի» սրտի դատավոր։

«Իշխանություն» լրատվականի փոխանցմամբ՝ այս մասին Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Մայր Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Գևորգ Ստեփանյանը։

Նա հայտարարեց, որ դատարանից որևէ օրինական կամ դրական արդյունք չի ակնկալում, քանի որ ամիսներ շարունակ ականատես են լինում ապօրինի որոշումների կայացմանը։ Նա քննադատության ենթարկեց ընդդիմադիր գործիչ Անդրանիկ Թևանյանին ձեռնաշղթաներ հագցնելու և ձերբակալելու տեսարանը՝ այն որակելով իշխանությունների բեմադրած էժանագին շոու։

«Այն, ինչ տեղի ունեցավ, երեկվա տրագիկ-կոմեդիկ շոուն էր՝ լավ սցենարով։ Իրենք հնդկական կինոներ շատ են սիրում։ Երևի Շենգավիթ վարչական շրջանում ապրելիս տեսել են, որ այնտեղ հնդկական ֆիլմեր շատ են ցուցադրում, ու սովորել են։ Երեկ մի տրագիկ բան էին նկարում։

Թևանյանն իր ոտքով եկել էր Քննչական կոմիտե՝ պարզելու, թե ինչ է կատարվում։ Մարդը երկու օր է՝ շրջում է Երևանում, քարոզարշավ է անում, բայց եկան, կանդալները՝ ձեռնաշղթաները դրեցին, որ նկարեին ու տանեին ցույց տային»,- ասաց Ստեփանյանը։

Նա վստահեցրեց, որ ոչ մի վախի մթնոլորտ չկա, և այսօր Արաբկիր վարչական շրջանում իրենց նախընտրական քարոզարշավը շարունակվելու է։

«Իրենց ուզածն էլ հենց դա է՝ պառակտել ու վախի մթնոլորտ ստեղծել, բայց նման բան չի լինելու, նահանջ չկա»,- ասաց նա։

Արձագանքելով լրագրողի այն դիտարկմանը, որ գործընթացները սկսվում են միայն այն բանից հետո, երբ դրանց մասին հայտարարում է արձակուրդում գտնվող պաշտոնատար անձը, Ստեփանյանը շեշտեց, որ ՔՊ-ի միակ հենարանն այսօր իրավապահ համակարգն է։

«Ամեն տեղ խնդիր կա։ Մարդը հայտարարում է, որ գնացել է արձակուրդի և քարոզարշավ է անում, բայց արձակուրդի մեջ գտնվող ժամանակավոր կառավարության ղեկավարն ապօրինի հրահանգներ է տալիս իրավապահ մարմիններին, որ գործ կարեն ու գործ հարուցեն։
Իսկ ուրիշ ի՞նչ էիք սպասում։ «Քաղաքացիական պայմանագրի» միակ հենարանը մնացել է իրավապահ համակարգը, նրանք ժողովրդից կտրված են։ Տեսե՛ք իրենց քարոզարշավը Երևանում և ողջ Հայաստանում, թե ոնց է հանրությունը մերժում նրանց։ Մերժել է 2023 թվականին, իսկ ավելի կոնկրետ պատասխանը կլսեք հունիսի 7-ին, երբ երևանցին ու Հայաստանի քաղաքացին մեծ մասնակցություն կապահովեն և իրենց պատասխանը կտան այս ապիկար իշխանություններին»,- հայտարարեց Ստեփանյանը։