Մեր քրեակատարողական հիմնարկների պայմաններն այնպիսին են, ինչպիսին են, բայց մենք շարունակաբար դրանք բարելավում ենք, իսկ հացադուլի մեջ գտնվող Արթուր Օսիպյանին ես անձամբ չեմ այցելել:
«Իշխանություն» լրատվականի փոխանցմամբ՝ այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ անդրադառնալով Արթուր Օսիպյանի պահման պայմաններին։
Նախարարի խոսքով՝ ինքն ամեն օր օպերատիվ տեղեկություններ է ստանում Օսիպյանի առողջական վիճակի մասին, որն այս պահին գնահատվում է կայուն:
Նա նշեց, որ նախօրեին հացադուլի մեջ գտնվող Արթուր Օսիպյանին այցելել է նախարարության սոցիալ-հոգեբանական ստորաբաժանման ղեկավարը և առաջարկել հանցագործության մասին հաղորդում տալ այն փաստերի վերաբերյալ, որոնք, Օսիպյանի կարծիքով, հանցավոր բնույթի են:
Գալյանը շեշտեց, որ Օսիպյանի բոլոր իրավունքները, այդ թվում՝ զբոսանքն ու տեսակցությունները պատշաճ ապահովվում են։
Անդրադառնալով կալանքը որպես խափանման միջոց փոխելու հնարավորությանը՝ Սրբուհի Գալյանը հայտարարեց, որ իր պաշտոնն իրեն արգելում է միջամտել կամ իմանալ, թե ինչո՞ւ է հենց այդ որոշումը կայացվել։
«Մեր պարագայում խիստ ցանկալի է, որ խափանման միջոցը փոխվի, բայց վարույթ իրականացնող մարմիններն ինչ որոշում կայացնեն, դա ենք իրականացնելու»,- ասաց նա:
Ճեպազրույցի վերջում, պատասխանելով հարցին, թե արդյո՞ք նոր ձևավորվող կառավարության կազմում կպահպանի արդարադատության նախարարի պաշտոնը, Գալյանը խուսափողական պատասխան տվեց՝ նշելով, որ հարցը դեռ չի քննարկվել։