Մեր թիմի առավելությունն այն է, որ մենք ունենք փորձ, կամք, անցած ճանապարհ և մինչ այսօր ինչ ասել միշտ արել ենք։ «Իշխանություն» լրատվականի փոխանցմամբ՝ այս մասին այսօր Ստեփանավանում տեղի ունեցած նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարեց «Հայաստան» դաշինքի առաջնորդ, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն՝ անդրադառնալով իրենց քաղաքական թիմի առավելություններին ու ծրագրային դրույթներին։
Ռոբերտ Քոչարյանի խոսքով՝ այժմ Հայաստանի ողջ ֆինանսական ներուժն ու շինարարությունը կենտրոնացած են Երևանում, ինչը բիզնեսի տեսանկյունից հասկանալի է, սակայն այս իրավիճակը հնարավոր չէ փոխել առանց պետության միջամտության։
«Մեր բանաձևը հետևյալն է՝ Երևանում չխանգարենք, բայց եթե ուզում ենք, որ Հայաստանը չլինի միայն մեկ քաղաք-պետություն, ուրեմն պետք է ամեն ինչ անենք, որ բիզնեսը Երևանից դուրս գա դեպի Ստեփանավան։ Առանց պետական աջակցության սա դժվար է լինելու, և մեր ծրագրերով դա նախատեսված է։ Տարածքների համաչափ զարգացումը լինելու է մեր ուշադրության կենտրոնում, և մենք ամեն ինչ անելու ենք Ստեփանավանն առաջ մղելու համար, այդ հնարավորությունը, ուժն ու պատկերացումները մենք ունենք»,- ասաց նա։
Երկրորդ նախագահն անդրադարձավ նաև Հայաստանի անվտանգային խնդիրներին՝ ներկայացնելով հստակ բանաձև։
«Երկրի անվտանգությունն ունի երեք կարևոր բաղադրիչ՝ մարտունակ բանակ, ուժեղ առաջնորդ և հզոր դաշնակից։ Բանակի մարտունակությունը մեծապես կախված է մարդկանցից։ Զենքն ու զինամթերքն իրենց տեղն ունեն, բայց կիրառողը մարդն է։ Եթե հասարակությունը բևեռացված է ու ներսում թշնամացած, դա ազդում է բանակի վրա։ Մարտունակ բանակը նշանակում է հայրենասեր քաղաքացի, որը պատրաստ է երկրի համար պայքարել։ Բանակում ոչ միայն իշխանության, այլ նաև ընդդիմության երեխաներն են ծառայում»,- ասաց նա։
Ռոբերտ Քոչարյանն իր խոսքում անդրադարձավ նաև Երևանում տեղի ունեցած վերջին ռազմական շքերթին՝ այն որակելով որպես բանակի օգտագործում ներքաղաքական քարոզչության նպատակներով։
«Հայաստանի պատմության մեջ սա երկրորդ դեպքն է, երբ բանակն օգտագործվում է որպես քարոզչական առարկա։ Ես 10 տարի նախագահ եմ եղել և երբեք թույլ չեմ տվել որևէ նախընտրական ժամանակաշրջանում բանակը ներգրավել նման ձևով։ Առաջին ու միակ դեպքը եղել է 1996 թվականին, երբ նույն ձևով պարեցին, ու հաջորդ օրն ընտրությունները եղան բավական վատ հետևանքներով հենց իշխանության համար։ Մենք նման մոտեցումը մերժում ենք, բանակը պիտի լինի ապաքաղաքական»,- ասաց Քոչարյանը։