1275 դիտում, 4 ամիս առաջ - 2026-05-23 12:20
Օրենքի դաշտում

Այս վարույթը նախաձեռնվել է քաղաքական նպատակներով, վախի մթնոլորտ են ստեղծում. Ռաֆիկ Մարտիրոսյան

 Անդրանիկ Թևանյանին պետական դավաճանության մեջ մեղադրելն իսպառ զուրկ է տրամաբանությունից, քանի որ վերջինիս անցած ուղին և կատարած աշխատանքը հակառակի մասին են փաստում։

«Իշխանություն» լրատվականի փոխանցմամբ՝ այս մասին Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում հայտարարեց փաստաբան Ռաֆիկ Մարտիրոսյանը։

«Երբ մարդը կանգնում է հայրենազրկված ժողովրդի կողքին և իր հնարավորությունների սահմաններում օգնում է հազարավոր մարդկանց՝ ոչ թե ցուցադրաբար, այլ լուռ ու գործով, ապա ակնհայտ է, որ այդ ժողովրդի հիշողության մեջ նա ոչ թե ներկայանում է մեղադրյալի կերպարով, այլ ժողովրդի կողքին կանգնած մարդու։ Ես չեմ կարծում, որ Թևանյանը դասվում է այն մարդկանց շարքին, ով ունակ է մեր հայրենիքի նկատմամբ կատարել սարսափելի հանցագործություն»,- նշեց փաստաբանը։

Մարտիրոսյանը բարձրացրեց իրավական և ժամանակագրական մի կարևոր հարցադրում, որը, նրա գնահատմամբ, ուղղակիորեն մատնում է գործընթացի քաղաքականացված լինելը։

«Այստեղ մի հարց է առաջանում. ենթադրյալ դեպքը, որը տեղի է ունեցել ըստ մեր տեղեկությունների 2024 թվականին, ինչո՞ւ պետական իշխանությունը հենց այդ ժամանակ չձեռնարկեց վարույթ։ Այս տրամաբանության ներքո միայն կարող ես հետևություն անել, որ այս վարույթը հարուցված է քաղաքական նպատակներով, հատկապես՝ ընտրությունների փուլում»,- հայտարարեց Մարտիրոսյանը։

Ըստ փաստաբանի՝ այս քաղաքական վարույթի նախաձեռնումը ոչ միայն նպատակ ունի Թևանյանին ներկայացնել մեղադրյալի կերպարով, այլև հասարակության մեջ ստեղծում է վախի մթնոլորտ։

«Սա բավարար հիմք է արդեն իսկ տվյալ ընտրությունները չեղարկելու համար, որովհետև այս գործընթացներն ուղղակիորեն ազդում են մարդկանց ազատ կամքի արտահայտման վրա»,- շեշտեց նա։