Եթե այս իշխանությունը վերարտադրվի, մեր անվտանգային սպառնալիքներն ավելանալու են։ Ունենալու ենք նոր փորձանքներ, նոր կորուստներ ու նոր նվաստացումներ։ «Իշխանություն» լրատվականի փոխանցմամբ՝ այս մասին այսօր Աշտարակում կայացած նախընտրական հանդիպման ժամանակ հայտարարեց «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Իշխան Սաղաթելյանը։
Նա հիշեցրեց, որ ուղիղ հինգ տարի առաջ նույն այս հրապարակից իրենց թիմը զգուշացնում էր սպասվող աղետների մասին, սակայն այսօր երկիրը կանգնած է նոր՝ էլ ավելի մասշտաբային արկածախնդրության շեմին։
«Այսքան փորձություններից հետո Հայաստանի իշխանության ղեկին հայտնված այս ոհմակը պատրաստվում է երկիրը տանել նոր տնտեսական ու սոցիալական ծանր փորձությունների։ Ամեն ինչ ակնհայտ է. այս իշխանության մնալու և նման արտաքին քաղաքականության պայմաններում Հայաստանը դուրս է դրվելու ԵԱՏՄ-ից, ինչի մասին երեկ շատ հստակ հայտարարեցին ԵԱՏՄ երկրները։ Սա չափազանցություն չէ, սա փաստ է։ Այս արտաքին կուրսի շարունակության դեպքում դուք վճարելու եք երկուսից երեք անգամ ավելի բարձր գազի գին, իսկ գյուղատնտեսական ապրանքների իրացման շուկաները փակվելու են մեր առջև։ Սրա վարած անկայուն, խեղկատակ քաղաքականության գինը վճարելու է մեր ժողովուրդը, դո՛ւք եք այդ զրկանքները կրելու, այլ ոչ թե այս խմբակը»,- ասաց նա։
Իշխան Սաղաթելյանի ձևակերպմամբ՝ գործող վարչապետն իր տարբերվող խոստումների պատճառով հայտնվել է փակուղում՝ վտանգելով ողջ պետությունը։
«Գնացել է Մոսկվա՝ մի բան է ասել, Բրյուսելում՝ մեկ այլ բան, Վաշինգտոնում՝ մի ուրիշ բան, Անկարայի և Բաքվի հետ էլ լրիվ ուրիշ բան է բանակցել։ Արդյունքում եկել է պահը, որ յուրաքանչյուրը պահանջում է իրեն տրված խոստումի կատարումը։ Արդյունքում Նիկոլ Փաշինյանը ստացել է աշխարհաքաղաքական ճողվածք և երկիրը կանգնեցրել ծանր մարտահրավերի առջև։ Այս խնդիրը կարող է լուծվել, եթե հունիսի 7-ին դուք սրան մերժեք և միասին կարողանանք վռնդել»,- ասաց նա։
Իշխան Սաղաթելյանն անդրադարձավ նաև երկրի ներսում տիրող սոցիալական ու հասարակական արատներին՝ ընդգծելով, որ իշխանությունը ձախողել է բոլոր բնագավառներում, բացառությամբ բացասական ցուցանիշների։
«Նիկոլ Փաշինյանի հետագիծը ձախողման ու տապալման տարիներ են, բայց կան ոլորտներ, որտեղ ինքը երկնիշ աճ է արձանագրել, դա թմրամոլությունն է, խաղամոլությունն ու հանցագործությունների աճը։ Սրա կառավարման տարիներին խաղամոլությունը մեր երկրում 20 անգամ աճել է։ Նիկոլ Փաշինյանը կազինոն մտցրել է յուրաքանչյուր հայի օջախ, և անվերադարձ քանդվում են հայկական ընտանիքները»,- ասաց նա։