Եթե մենք վերականգնում ենք մեր արժանապատվությունն ու կոտրում պարտության էջը, ապա պետք է անենք ամեն ինչ՝ ուժեղանալու և այս տարիների կորուստները վերականգնելու համար։ «Իշխանություն» լրատվականի փոխանցմամբ՝ այս մասին այսօր Աշտարակում կայացած նախընտրական հանդիպման ժամանակ հայտարարեց «Հայաստան» դաշինքի առաջնորդ, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Նա ամփոփեց անցած քարոզարշավն ու խիստ գնահատականներ հնչեցրեց գործող վարչախմբի որդեգրած քաղաքական մշակույթի հասցեին։
«Քարոզարշավի մեծ մասն արդեն անցել է, և կարող ենք անել որոշակի եզրակացություններ։ Հայաստանի պատմության մեջ իշխանությունն այս քարոզարշավը վերածեց ամենից կեղտոտ քաղաքական գործընթացի։ Սա մարմնավորում է ստախոսության, լկտիության, սպառնալիքների ու հայհոյանքների մթնոլորտ, որը վայել չէ նորմալ երկրին։ Այս ամենը մտցրեց հենց վարչախումբը, որը պարտավոր էր անել ճիշտ հակառակը։ Այս իշխանությունը քայլող ատելություն է՝ ոտից գլուխ, և ուզում է այդ ատելությամբ թունավորել բոլորին, որովհետև այդ մթնոլորտում ինքն իրեն լավ է զգում»,- ասաց նա։
Ռոբերտ Քոչարյանի ձևակերպմամբ՝ անցած ութ տարիները համատարած խայտառակության շրջան էին, որից ժողովուրդը պետք է ճիշտ դասեր քաղի։
«Այս ամենի մեջ կա մեկ դրական գործոն։ Վերջապես պետք է հասկանանք, թե ինչ չի կարելի անել երկիրը ամուր պահելու համար։ Չի կարելի անել որևէ քայլ, որը թուլացնում է երկիրդ ու բաժանում հասարակությունը։ Չի կարելի ստել ու ֆեյքերով առաջնորդվել։ Մեր ժողովուրդը պետք է հասկանա, թե ինչ կարգի մարդիկ չպետք է լինեն իշխանության գլխին, ովքեր սեփական աթոռը պահելու համար քայքայում են պետականությունը։ Այս ութ տարին բոլորիս համար խայտառակության տարիներ էին, և մենք պետք է փակենք այս էջը»,- ասաց նա։
Դաշինքի առաջնորդը երաշխավորեց, որ իրենց հաղթանակի դեպքում բացառվելու է անցյալի արատավոր բարքերի վերադարձը, իսկ իրենց նպատակը որակյալ պետության կերտումն է։
«Հայաստանում երբեք չպետք է լինի այն համակարգը, որը բերեց 2018 թվականի հեղափոխությանը։ Սա մենք երաշխավորում ենք։ Այն ժամանակ իսկապես ժողովուրդը դուրս եկավ փողոց՝ ավելի լավ կյանքի ակնկալիքով, բայց ստացանք ճիշտ հակառակը, որովհետև շարժման գլխին հայտնվեցին խաբեբաներ ու քաղաքական խարդախներ, որոնք մոլորեցրին մարդկանց։ Սրան վերջ ենք տալու»,- ասաց նա։
Երկրորդ նախագահը վստահեցրեց, որ իրենց նպատակը պարզապես իշխանափոխությունը չէ, այլ որակյալ հայկական պետականության ստեղծումը։ Ըստ նրա՝ իրենք կերտելու են մի պետություն, որն ընդունակ է պաշտպանել իր քաղաքացիներին, հարգում է իր դաշնակիցներին, որին հարգում են հարևանները և որն ապագա է ստեղծում իր զավակների համար։