«Իշխանություն» լրատվականի փոխանցմամբ՝ «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն Ամասիայում բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ այսօր ընթացող պայքարն իրականում հայի էությունն ու ինքնությունը, ավանդական ընտանիքն ու եկեղեցին պաշտպանելու համար է։
«Գործող իշխանության պարագայում տպավորություն է, թե կա մեկ մարդ և 100 ուսապարկ, ուրիշ ոչ ոք չկա։ Մենք, ի տարբերություն իրենց, ներկայանում ենք փորձառու թիմով։ Թեև անցել ենք խորհրդարանական մոդելին, բայց արվել է ամեն ինչ, որ համակարգը մնա սուպերվարչապետական, ինչը չարիք է դարձել երկրի համար։ Մեր նպատակն է փոխել դա և բերել ճիշտ բալանսավորված համակարգի»,- ասաց երկրորդ նախագահը։
Ամասիայի տարածաշրջանի սոցիալ-տնտեսական խնդիրների համատեքստում Քոչարյանն ասաց, որ վերջին 8 տարվա մեջ ոլորտում միայն անկում է գրանցվում, իսկ մարզում անասնագլխաքանակը կրճատվել է ավելի քան 40%-ով։
Երկրորդ նախագահը դատապարտեց նաև դպրոցների փակման խայտառակ գործընթացը, երբ երկու դպրոց կառուցելու պատրվակով վեցից ութ կրթօջախ են փակում։
«Իմ պաշտոնավարման ժամանակ մենք 140-ից ավել դպրոց ենք կառուցել և ոչ մի դպրոց չենք փակել։ Գյուղում եթե նույնիսկ մեկ կամ հինգ երեխա լինի, գյուղը պետք է ունենա դպրոց, որպեսզի ապրի։ Իշխանության գալով՝ այս ամենը անպայման շտկելու ենք»,- հայտարարեց նա։
Եզրափակելով խոսքը՝ Ռոբերտ Քոչարյանը նշեց, որ իրենց թիմը գալիս է այս կործանարար ընթացքին «ստոպ» տալու և երկիրը կառուցելու համար, ու կոչ արեց բնակիչներին համախմբվել և հունիսի 7-ին միասին գնալ հաղթանակի։