1170 դիտում, 4 ամիս առաջ - 2026-06-02 18:34
Քաղաքական խաղադաշտ

Սուտ է. Ռոբերտ Քոչարյանը՝ ՌԴ–ի զենք չտալու Փաշինյանի պնդումների մասին

Ստախոսության չեմպիոնը հերթական անգամ փորձում է մարդկանց ուղղակի խաբել, դա անհնար է։ Եվրոմիություն գյուղմթերք տանելու համար լուրջ ընթացակարգերի և սերտիֆիկացման հարց կա, ինչը տարիների գործընթաց է։ Հիմա ուղղակի լեզվին է տալիս։

«Իշխանություն» լրատվականի փոխանցմամբ՝ այս մասին Բերդում տեղի ունեցած քարոզարշավի ժամանակ հայտարարեց «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։

«Եթե այնուամենայնիվ ինչ-որ ուղղությամբ գնացել է, գուցե ինչ-որ մի բեռնատարով տեղում մեկը բիզնեսով պայմանավորվել է, օրինակ՝ տանեն այլ երկրի սերտիֆիկատով փորձեն ներմուծել Ռուսաստան։ Կամ տանեն Վրաստան, փորձեն այնտեղ թղթերը փոխել և որպես Վրաստանում աճեցրած արտահանել Ռուսաստան։ Բայց դա մեծ ծավալներ ունենալ չի կարող, երկար կյանք չի ունենալու և հեռանկար չունի, որովհետև մեկ է՝ հայտնվելու է հարկման տակ, քանի որ ԵԱՏՄ-ից դուրս է»,- ասաց նա։

Ռոբերտ Քոչարյանն անդրադարձավ նաև Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե Հայաստանը հարյուր միլիոններ է վճարել զենքի համար, սակայն այն չի ստացել, և այժմ այդ պետությունը պահանջում է Հայաստանի շահերից դուրս գործողություններ կատարել։

«Ըստ էության, սա վերջնագիր է, և շատ պարզ ասում են՝ հիմա դուք եթե այստեղ եք՝ այստեղ եք, եթե այնտեղ եք՝ այնտեղ եք, բայց ձեր ճանապարհը դեպի Եվրոմիություն մենք պատրաստ չենք ֆինանսավորել։ Սա է ասում Ռուսաստանը։ Փաշինյանը նաև հեքիաթներ է պատմում իբրև թե ծախսված զենք-զինամթերքի գումարների մասին։ Այդ մարդու ոչ մի բառին հնարավոր չէ հավատալ։ Ուղղակի տեսակն է այդպիսին՝ այս պահին ինչ-որ մի բան ասի, իր «կրուտիտներով» տակից դուրս գա։ Ես համոզված եմ, որ դա սուտ է»,- ասաց նա։