3654 դիտում, 4 ամիս առաջ - 2026-05-21 17:51
Քաղաքական խաղադաշտ

Փաշինյանի վերջը եկել է, չի կարա սենց շարունակվի, սուտ խոսելով երկիր չես կառուցի․ Գագիկ Ծառուկյան

Փաշինյանի վերջը եկել է, չի կարա սենց շարունակվի, սուտ խոսելով երկիր չես կառուցի․ Գագիկ Ծառուկյան

Սուտ խոսելով երկիր չես կարող կառուցել, ժողովրդին չես կարող պահել, այսպես չի կարող այլևս շարունակվել, ձեր վերջը եկել է։ «Իշխանություն» լրատվականի փոխանցմամբ՝ այս մասին այսօր Ախուրյանում տեղի ունեցած քարոզարշավի ժամանակ հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։

Գագիկ Ծառուկյանն իր խոսքում շեշտեց, որ Շիրակի մարզն ու երկրորդ քաղաքն իր համար միշտ ունեցել են բացառիկ նշանակություն, և իր հարգանքն ու սերը գյումրեցիների հանդեպ երբեք միայն խոսքերով չեն արտահայտվել:

Որպես օրինակ՝ ԲՀԿ առաջնորդը հիշատակեց տարիներ առաջ ապրիլի 7-ի առթիվ իրականացված մեծածավալ բարեգործական նախաձեռնությունը, որն ուղղված է եղել տնակներում բնակվող կարիքավոր ընտանիքներին:

«Ես հատուկ հանձնարարականով մարդկանց ուղարկեցի տնակներ, որպեսզի առանց որևէ կուսակցական պատկանելություն հաշվի առնելու՝ ցուցակագրեն բոլոր հղի կանանց: Ապրիլի 7-ին մայրիկիս միջոցով այդ ընտանիքներին նվիրեցինք երեքսենյականոց բնակարանների բանալիներ: Ասացի՝ եթե իրենք տնակներում են ծնվել, գոնե իրենց երեխաները քարաշեն բնակարաններում ծնվեն»,- ասաց Ծառուկյանը՝ հավելելով, որ մարզից ստացված և ոչ մի դիմում ու խնդիր անպատասխան չի մնացել:

Չնայած իր կողմից իրականացված բազմաթիվ անձնական ծրագրերին՝ Գագիկ Ծառուկյանն ընդգծեց, որ միայն բարեգործությամբ հնարավոր չէ պետություն պահել, և անհրաժեշտ է համակարգային մոտեցում:
Նրա խոսքով՝ ԲՀԿ-ն ունի հստակ կազմված ռազմավարություն, որը ներառում է 7 խոշոր պետական ծրագիր՝ ուղղված Գյումրիի նախկին ճոխության, հզորության ու փայլի վերականգնմանը:

«Գյումրին համարվում է երկրորդ քաղաքը։ Ութ տարի է, ինչ ՔՊ-ն է կառավարում, և մարդկանց վիճակը միայն վատացել է: Ոչինչ չի փոխվել, նոր աշխատատեղեր չեն ստեղծվել: Դատարկ խոսելով բան չի դառնա, Գյումրուն հարկավոր են խոշոր ներդրումներ, և պետությունը պարտավո՛ր է դա անել»,- հայտարարեց նա:

ԲՀԿ առաջնորդը կոշտ հարցադրումներ հղեց գործող իշխանություններին՝ մատնանշելով նախընտրական հստակ ծրագրերի բացակայությունը և տնտեսական ձախողումները:

Ըստ նրա՝ «Արձակուրդում գտնվող» իշխանությունը քարոզչության ընթացքում միայն խոսում է խաղաղության մասին, սակայն որևէ մեկը չգիտի, թե որտեղ է այդ ստորագրված թուղթը, իսկ իրականում երկրում տիրում է վիրավորանքի, մարդկանց աշխատանքից զրկելու սպառնալիքների և զոհվածների հարազատներին բերման ենթարկելու մթնոլորտ: