«Իշխանություն» լրատվականի փոխանցմամբ՝ ազգային ժողովում մեկնարկեց 2025 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկումները: Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ներկայացրեց հաշվետու տարում կատարված ծախսերն ու արդյունքները, որոնք ուշագրավ պատկեր են բացահայտում պետական միջոցների բաշխման վերաբերյալ:
Ըստ Հարությունյանի՝ 2025 թվականի պետական բյուջեով վարչապետի աշխատակազմի համար հաստատվել էր 11 ծրագիր և 50 միջոցառում, սակայն կառավարության ընթացիկ որոշումներով ավելացվել է ևս 7-ը: Արդյունքում՝ 57 միջոցառումներից կատարվել են 55-ը:
«2025 թվականին վարչապետի աշխատակազմի պատասխանատվությամբ իրականացվող ծրագրերի շրջանակներում ծախսերը կազմել են 22.5 միլիարդ դրամ կամ ծրագրված ցուցանիշի 96%-ը: Թերակատարումը կազմել է մոտ 4%», — հայտարարեց Հարությունյանը՝ հավելելով, որ ծախսերը նախորդ տարվա համեմատ աճել են 4.2%-ով կամ 906 միլիոն դրամով:
Ուշագրավ է, որ կառավարության գործունեության լուսաբանման, ԶԼՄ-ների մշտադիտարկման և թեմատիկ հաղորդաշարերի պատրաստման համար պետական բյուջեից հսկայական միջոցներ են հատկացվել:
Մասնավորապես, հանրային իրազեկման ծրագրի կատարման համար հատկացվել է շուրջ 1.3 միլիարդ դրամ։ Այս ծրագրի շրջանակներում միայն «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի ծախսերը կազմել են շուրջ 728 միլիոն դրամ:
Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող պետական հատվածի արդիականացման ծրագրի շրջանակներում օգտագործվել է 843 միլիոն դրամ: Որից 729 միլիոն դրամ ուղղվել է էլեկտրոնային կառավարման համակարգի և սարքավորումների ձեռքբերմանը, իսկ 114 միլիոն դրամը ծախսվել է խորհրդատվական ծառայությունների վրա:
Ելույթի վերջում աշխատակազմի ղեկավարը շտապեց հանգստացնել ներկաներին՝ պնդելով, թե կառավարական մեքենաների քանակը չի ավելացել, հաստիքները մնացել են նույնը, և առանձնահատուկ փոփոխություններ չկան: