Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից երկու ընտրատեղամասերի արդյունքներն անվավեր ճանաչելը զուտ քաղաքական հրահանգի արդյունք է, որի նպատակն է թույլ չտալ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մուտքը խորհրդարան։ «Իշխանություն» լրատվականի փոխանցմամբ՝ այս մասին այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԲՀԿ պատգամավորի թեկնածու Իվետա Տոնոյանը։
«Նախօրեին գիշերվա մթության քողի տակ կայացված որոշումն ընդամենը քաղաքական հրահանգի արդյունք է։ Բազմաթիվ տեղամասերում զինվորները նույն պայմաններում են քվեարկել, սակայն ԿԸՀ-ն այդ տեղամասերի արդյունքները չի չեղարկել։ Անվավեր են ճանաչվել հատկապես այն երկու տեղամասերը, որտեղ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը վստահության բարձր քվե էր ստացել»,- ասաց Տոնոյանը։
Ըստ Իվետա Տոնոյանի՝ ԲՀԿ-ին խորհրդարան անցնելու համար ընդամենը 59-60 ձայն էր պակասում։ Վերահաշվարկի արդյունքում կուսակցությունն արդեն հասցրել էր վերականգնել շուրջ 130 ձայն, ինչը լիովին բավարար էր 4%-անոց անցողիկ շեմը հաղթահարելու համար։
«Իրենք ևս իրականացրել են այս հաշվարկները։ Տեսնելով, որ ԲՀԿ-ն արդեն վերականգնել է 130 ձայն, իսկ այդ երկու տեղամասերում ունի 200-ից ավելի քվե, որոշեցին անվավեր ճանաչել հենց այդ տեղամասերի արդյունքները։ Դրանով ԲՀԿ-ն ավտոմատ կերպով այլևս չի հայտնվում խորհրդարանում։ Քանի որ վերահաշվարկի դիմումների վերջնաժամկետները լրացել են, այս պահին գործընթացի վրա ազդելու իրավական որևէ մեխանիզմ այլևս չկա»,- հայտնեց նա։