Ղարաբաղյան շարժումը շարունակելու բոլոր փորձերը Հայաստանում կասեցվելու են, քանի որ ժողովուրդն ընտրությունների ժամանակ արդեն քվեարկել է այս տեսլականի օգտին և մերժել այդ խոսույթը։ «Իշխանություն» լրատվականի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ԱՄՆ Սենատում սպասվող միջոցառումներին և հայկական կազմակերպությունների կողմից Արցախի թեմայի արծարծմանը։
Փաշինյանի ձևակերպմամբ՝ նման նախաձեռնություններն իրականում ուղղված են Ղարաբաղյան շարժման շարունակությանը, ինչն ունենում է հայելային արձագանքներ և լրացուցիչ ռիսկեր ստեղծում երկրի համար։
«Քանի դեռ Ազգային ժողովի դահլիճում դրված են Ղարաբաղի դրոշներ, քանի դեռ այդ խոսույթը Հայաստանում շարունակվում է, դա հայելային ձևով շարունակվելու է նաև հակառակ կողմից։ Դա ընդամենը մեկը մյուսին պայմանավորող գործոն է։ Ես ասում եմ, որ այդ ամեն ինչը չունի և չի ունենալու գործնական-կիրառական նշանակություն, քանի դեռ մենք իշխանություն ենք և այս հարցում հստակ դիրքորոշում ունենք»,- շեշտեց նա։
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ցանկացած քայլ, որը հակասում է Հայաստանի ժողովրդի կատարած ընտրությանը, համարվելու է հանրությանը նոր ավանտյուրայի մեջ ներքաշելու փորձ։ Նա ընդգծեց, որ իշխանությունն օրենքի և իր լիազորությունների սահմաններում ամեն ինչ անելու է նման փորձերը կասեցնելու համար։
Անդրադառնալով ընդդիմադիր դաշտից հնչող հայտարարություններին, մասնավորապես «Հայաստան» դաշինքի առաջնորդի այն պնդմանը, թե ՀՀ-ն չպետք է բավարարվի 29,743 քառակուսի կիլոմետրով, Փաշինյանը նշեց, որ այդ խոսակցությունները լսում են բոլորը, ինչն էլ հանգեցնում է համապատասխան հետևանքների։
«Մենք մեր ճշմարտությունն ունենք և հավատում ենք դրան, Ադրբեջանն՝ իրենցը։ Խոսքը դրա մասին չէ։ Խոսքը նրա մասին է, որ պետք է դադարեցնել։ Իմ առաջարկած ռազմավարական գործը հենց դրա մասին է՝ Հայաստանը և Ադրբեջանը պետք է իրար հանգիստ թողնեն։ Իսկ իրար հանգիստ թողնելու ձևը Հայաստանում Ղարաբաղի շարժումը չշարունակելն է և այդ տրամաբանության հետ առնչվող գործողություններ չանելը»,- ասաց նա։
Փաշինյանը հիշեցրեց, որ կողմերը նախաստորագրել են խաղաղության համաձայնագիրը, որտեղ հստակ ֆիքսված է, որ Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունն ու քաղաքական անկախությունը։
Ըստ նրա՝ ընտրություններից հետո ժողովուրդը վերահաստատել է այդ դիրքորոշումը, ինչից հետո հարց է առաջանում, թե այդ դեպքում ինչու են խորհրդարանի դահլիճում դեռևս մնում Ղարաբաղի դրոշները։