Շատ ժամանակ օդում կախված լուրերի համաձայն վերագրում եք հանցավոր արարքներ իշխանության ներկայացուցիչներին, երբ ոչ միայն դատական վճիռ չկա, այլ անգամ քրեական գործ չկա հարուցված։
«Իշխանություն» լրատվականի փոխանցմամբ՝ այս մասին այսօր հայտարարեց Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը՝ անդրադառնալով լրատվամիջոցների կողմից իշխանություններին ուղղվող մեղադրանքներին և ընտրական գործընթացների շուրջ ստեղծված աղմուկին։
Սուրեն Գրիգորյանը հորդորեց լրատվամիջոցներին չառաջնորդվել երկակի ստանդարտներով և չփորձել հանրությանը ներկայացնել իրականությանը չհամապատասխանող թեզեր։ Նա նշեց, որ պատրաստ է ուսումնասիրել և հանել այնպիսի դեպքեր, երբ լրատվամիջոցները հայտարարություններ են տարածում առանց փաստերի։
«Եթե օրինակ ասում եք՝ Սուրեն Գրիգորյանը կոռուպցիոներ է, մարդիկ կարող է մտածեն՝ ճիշտ են ասում, կարող է՝ սխալ, բայց դուք ձեր գործունեության մեջ այդ նույն ստանդարտով, որով ուզում եք մենք ղեկավարվենք, չեք ղեկավարվում»,- ասաց նա։
Փոխքաղաքապետը շեշտեց, որ ընտրությունները մի պրոցես է, որին մասնակից է հանդիսանում յուրաքանչյուր քաղաքացի, և ընտրակաշառքի վերաբերյալ հայտարարությունները պետք է ունենան բացառապես իրավական հիմքեր։
«Դուք կամ ձեր գործընկերները որ փորձում եք ինչ-որ ալտերնատիվ իրականություն վաճառել, դա իմաստ չունի։ Բոլորը մասնակից են եղել այդ պրոցեսին, ու հիմա փորձում եք մարդկանց պատմել, թե իրենք ճնշված են եղել ու դա չեն զգացել, վախեցել են ու չեն զգացել, կամ իրենք կաշառք են բաժանել, ու իրենք չեն իմացել։ Կաշառքի դեպքերը դատական եզրակացություններով ու դատարանի որոշմամբ կհաստատվեն, այն ժամանակ էլ կխոսենք դրա մասին»,- ասաց նա։
Հարցին, թե արդյո՞ք նորմալ է ժողովրդավարական երկրում ընդդիմության կամ այլ ուժերի ձայները «ոչ օրգանիկ» համարելը, Սուրեն Գրիգորյանը հակադարձեց, որ դա հիմնավորված մոտեցում է։
«Ոչ օրգանիկը դա քաղաքական գնահատական է, և նորմալ է, երբ կան դրա հիմքերը, որոնք մեր ամբողջ հանրության աչքի առաջ են»,- եզրափակեց փոխքաղաքապետը։