2023 թվականի հունիսի 18-ին տեղի ունեցած դաժան սպանությունը, որը մեծ հանրային արձագանք էր ստացել, մինչ օրս շարունակում է մնալ հանրության ուշադրության կենտրոնում։ Սպանվել էր դերասան Տիգրան Նալչաջյանի 42-ամյա քույրը՝ Նվարդ Նալչաջյանը։
Ըստ քրեական գործի նյութերի՝ Նվարդ Նալչաջյանը համացանցում ծանոթացել էր մի երիտասարդի հետ։ Նրանք շփվել էին շուրջ հինգ-վեց ամիս, սակայն հերթական հանդիպումն ավարտվել էր ողբերգությամբ։ Ավելի ուշ երիտասարդին մեղադրանք է առաջադրվել Նվարդ Նալչաջյանի սպանության համար։
Քննության տվյալներով՝ կնոջը խեղդամահ են արել, նրա ձեռքերը և ոտքերը կապել, դեմքը փաթաթել կպչուն ժապավենով, ապա մարմինը նետել գերեզմանների հարակից ձորը և ծածկել քարերով։
Փորձեցինք նկարահանել դատական նիստը, սակայն մեղադրյալը հրաժարվեց թույլ տալ տեսանկարահանումը։
Դեպքի մանրամասների, դատավարության ընթացքի և ընտանիքի պահանջների մասին զրուցել ենք սպանված Նվարդ Նալչաջյանի եղբոր՝ Տիգրան Նալչաջյանի հետ։
«Դեպքը տեղի է ունեցել 2023 թվականի հունիսի 18-ին։ Ավելի քան երկու տարի անց միայն գործը հասել է դատաքննության հիմնական փուլ։ Ցավոք, նիստերը բազմիցս հետաձգվել են՝ հիմնականում մեղադրյալի պաշտպանների չներկայանալու պատճառով»։
Տուժողի եղբոր խոսքով՝ քույրն ու երիտասարդը միմյանց ճանաչել են շուրջ հինգ-վեց ամիս։ Դեպքից հետո ընտանիքը երեք օր շարունակ որոնել է Նվարդ Նալչաջյանին, մինչև իրավապահներին հաջողվել է բացահայտել հանցագործությունը։
«Գործը բացահայտվեց քրոջս հեռախոսի և մեքենայի շնորհիվ։ Սպանությունից հետո նա օգտագործել էր մեքենան, իսկ հեռախոսը վաճառքի էր հանել։ Այդ ամենն օգնեց իրավապահներին գտնել հանցագործին»։
Նվարդ Նալչաջյանի հարազատները համոզված են, որ սպանությունն ունեցել է շահադիտական շարժառիթ։ Նրանց պնդմամբ՝ դեպքից հետո անհետացել են նաև խոշոր գումարներ և արժեքավոր իրեր։
«Մենք վստահել ենք միայն օրենքին։ Որևէ ինքնադատաստանի չենք դիմել։ Մեր պահանջը մեկն է՝ արդար դատավճիռ և մեղավորի նկատմամբ օրենքով նախատեսված ամենախիստ պատասխանատվությունը»։