1518 դիտում, 2 ամիս առաջ - 2026-07-23 15:58
Օրենքի դաշտում

«Աբսուրդային մեղադրանք». Վարդևանյանը՝ Նարեկ Կարապետյանի գործի մասին

«Աբսուրդային մեղադրանք». Վարդևանյանը՝ Նարեկ Կարապետյանի գործի մասին

Ոչ մի նոր բան չկա, այսինքն՝ խոսում ենք իրավաբանության հետ ընդհանրապես կապ չունեցող մի աբսուրդային մեղադրանքի մասին: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, փաստաբան Արամ Վարդևանյանը՝ խոսելով Նարեկ Կարապետյանին առաջադրված մեղադրանքի մասին:

«Ինչպես երեկ ներկայացրել էինք, կալանավորման հարց ընդհանրապես, այլևս չառաջացավ և չէր էլ կարող առաջանալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումից հետո: Մյուս կողմից՝ կան այնպիսի ինտենսիվ խափանման միջոցներ, իհարկե ոչ համեմատության մեջ կալանքի հետ, բայց բացակայելու արգելքը, գրավը ՝որպես խափանման միջոց, որոնք իրենց դատավարական հեռանկարը չունեն և դրանց վերաբերյալ նաև դատավարական վերաբերմունք պետք է լինի, այդ թվում՝ հնարավոր բողոքարկման մասով»,-նշել է նա:

Փաստաբանը ևս մեկ անգամ ընդգծել է՝ Նարեկ Կարապետյանին իրավաբանության հետ կապ չունեցող մեղադրանք է առաջադրվել:

«Քննչական կոմիտեն է նշված գործողությունները կատարել, Դատախազությունն էլ այսօր հայտարարությունը տարածել է: Այստեղ ի՞նչն է հետաքրքիր: Տեսեք՝ իրենք ի սկզբանե խոսում էին կալանքի մասին, նույնիսկ նման միջնորդություն էին ներկայացրել: 

Ինչպես տեսնում եք՝ երբ կալանք չի կիրառվում, դրանից արդարադատությունը, իրավաբանությունը փուլ չի գալիս, պարզապես կարելի է մի փոքր կարևորել իրավունքի գերակայությունը և, առիթից օգտվելով, ազատություն մաղթենք բոլոր քաղբանտարկյալներին»,-հավելել է Արամ Վարդևանյանը:

Հիշեցնենք, որ հայտնել էինք՝ Նարեկ Կարապետյանի նկատմամբ, որպես խափանման միջոց, ընտրվել է բացակայելու արգելքը և 1 միլիարդ դրամ գրավ: